բամբասանքի մեջ դեպի իր հերոսը — նո՛ւ, եթե ոչ «հերոսը», գոնե իր վեպի նշանավոր, այո՛, կենտրոնական անձնավորություններից մեկը։ Իսկ ինձ համար, մանավանդ, ոչ միայն որպես հեղինակի, այլև որպես մարդու — ուրեմն կրկնակի կերպով անհաճելի պիտի լիներ նման մեղադրանքը, որովհետև զգում եմ, որ եթե ես թույլ տայի ինձ գոնե մի, թեկուզ ամենաչնչին, անբարեխղճություն գրությանս առարկա անձնավորության հասցեին — ապա հետևեին, խղճի խայթի նման հսկեին պիտի անքուն գիշերներս Մազութի Համոյի կայծկլտող աչքերը՝ ուտեին պիտի սիրտս։ Պիտի նայեին նրանք, հսկեին պիտի խղճմտանքս — կախաղանի բարձունքից պարզեին պիտի դեպի խիղճս Մազութի Համոյի տառապյալ աչքերը — նախատինքի, այո, մորմոքի ասեղներ…
Կիրակի, ինչպես գրված էր հայտարարության մեջ՝ ցերեկվա ժամը 12-ին արդեն կանգնած էր Մազութի Համոն ակումբի դահլիճի դեռ չբարձրացրած վարագույրի ետևը և պատրաստվում էր սկսելու։ Նայում էր վարագույրի արանքից դահլիճում հավաքված հասարակությանը և սրտմտում էր կարծես. կողքին կանգնած էր ընկ. Վառոդյանը և նույնպես ցույց էր տալիս դժգոհության նշաններ։ Բանն այն էր, որ այնքան էլ, կարծես, դահլիճը լիքը չէր։ Առաջին շարքում, կողք-կողքի, Նստած էին՝ Գեներալ Ալոշը, Օսեփ Նարիմանովը, բժիշկը՝ Արամ Անտոնիչը երկրորդ կարգի առաջին նստարանն էր ընտրել և, քիթը վեր տնկած, հոտոտում էր օդը. փնտրում էր օդի ալիքներում ինչ-որ ծանոթ մի բան, բայց, կարծես, չէր գտնում։ Նրանից երկու