Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/131

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նստարան այն կողմը նստել էր կոշկակար Սիմոնը— Կլուրի մեյմունը: Վարսավիր Վասիլը նրա ետևում դրված նստարանն էր ընտրել և, նայելով կոշկակարի ծոծրակին, շոյում էր մորուքը։ Բացի այս հարգելի նայիրցիներից, եթե Հաջի Մանուկոֆին, ռեալականի և օրիորդաց գիմնազի մի քանի ուսուցիչ֊ուսուցչուհիներին, ծխականի վարժապետ֊վարժուհիներին, տեր Հուսիկ քանանա-Խաչագողին և պ. Աբոմարշին էլ թվենք— սրանով համարյա թե սպառած կլինենք չափահաս քաղաքացիների կոնտինգենտը, եթե, իհարկե, այդպիսիների շարքին չդասենք մի քանի ուսանող֊ուսանողուհիներին և մի շարք աշակերտներին (մեծ մասը Գևորգյան ճեմարանից), որոնք կարծես թե իրենք էլ զգալով իրենց անչափահաս լինելը՝ շարվել էին պատերի երկայնքին և բռնել էին մուտքը՝ չնայած որ դահլիճում դեռ, բավականին թվով, մնացել էին դատարկ նստարաններ։

Տասներկուսից տաս անց Մազութի Համոն անհանգստացավ. նայեց ժամացույցին, նայեց ընկ. Վառոդյանին, «Հարկավոր է սկսել»— ասաց ընկ. Վառոդյանին Մազութի Համոն։ Ընկեր Վառոդյանը դուրս եկավ մի վայրկյան, ծառային կարգադրեց— և ահա, երբ կրկին վերադարձավ և հայտնեց Համո Համբարձումովիչին, որ իսկույն կսկսեն— դրսից, ակումբի դռնից, լսվեց զանգի ձայնը, որից հետո դահլիճ մտնել սկսեցին մի քանի նոր անձնավորություններ, մի երկու ուսանող, մի երկու եկվոր սպաներ. վերջին մտնողը պ. Մարուքեն էր՝ ետևից Կարո Դարայանը, որ տեղավորվեցին վերջին շարքի նստարաններին. ապա դուռը փակվեց, և վարագույրը բարձրացավ...