Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/132

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Եվ ահա այստեղ էր, որ հանդիսականների աչքին ներկայացավ մի բավականին տարօրինակ, անսպասելի տեսարան. բեմի աջ անկյունում դրված էր ամբիոնանման մի հարմարություն, որի կողքին կանգնած էր Մազութի Համոն, իսկ բեմի կենտրոնում, նույն ճակատագրական կանաչ սեղանի աոաջ (ուրիշ սեղան երևի չէր ճարվել ակումբում) նախագահական աթոռի վրա նստած էր, որպես նախագահ, — երևակայո՞ւմ եք — ընկ. ՎառոդյանՎա՜տ, վա՜տ հոտ էր փչում, ինչպես հետագայում ասում էր պ. Մարուքեն, նայիրյան այդ ժողովից — ասում էր, ինչպես ասացինք, հետագայում, երբ արդեն պատմության գիրկն էր անցել այդ ժողովը և արդեն ակնբախ էին դարձել, նույնիսկ Մեռելի Ենոքի աչքին, նրա աղետավոր հետևանքները… Բայց այն, այն ժամանակ ո՞նց հասկանար այդ «վատ հոտը»—չասենք Մեռելի Ենոքը, որն ընդհանրապես քիչ բան էր հասկանում, այլ, ասենք. հենց մանրավաճառ Կոլոպոտյանը, որ իսկի չէր էլ եկել ժողովի, կամ նայիրցի արհեստավորը, որ չէր էլ լսել այդ ժողովի մասին և եթե լսեր էլ — քիչ բան պիտի հասկանար։ Ո՞նց, ո՞նց իմանար նեխած ձկան նման վագոնները լցված նայիրցի տրեխավորը, ո՞նց հասկանար այդ «վատ հոտը» նա, որ առաջին անգամն էր, ելած իր մութը խուղից, երկաթագիծ տեսնում, և նրա անհայտ հեռուներից սարսափահար՝ լալիս էր պառավանման և երգում էր, պառավաձայն, վայրենի իր «Տանըմը» —- փակ, անդուռ վշտի հանճարեղ այդ ոռնոցը, որ պատիվ կարող էր բերել ամեն մի, ձմռան կեսգիշերին դունչը լուսնին տնկած, սարսափահար գայլի…