Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/135

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

զարգացման պսակը կազմող, հոյակապ շենքը, որ կոչվում է ազգություն: Հայրենի երկիր և մայրենի լեզու, ահա՛ այն երկու հզորագույն ազդակները, որ շաղկապվելով իրար, ամեն մի զարգացած ժողովրդից, ամեն մի ցաքուցրիվ ցեղից կազմում են անքակտելի մի միավոր, — կազմում են, ինչպես ասաց, կենդանի մի օրգանիզմ— մի ամբողջական ազգություն: Բայց հարց տանք, հարց տանք մեզ ամենից առաջ, թե ի՞նչ է կոնկրետ կերպով իրենից ներկայացնում ազգություն միավորը կազմող իր առաջացրած անդամներից առաջինը— հայրենի երկիրը: Եվ, իհարկե ոչ ոքի համար նորություն չի լինի, եթե նա ասի, որ դա այն հողն է, որի վրա ապրել են տվյալ ժողովրդի նախորդները, այն հողն ու ջուրն են, որով սնվել են, դարերի ընթացքում կյանք են ստացել տվյալ ժողովրդի պապերը, պապերի պապերը, և նրանց էլ պապերն ու պապերի պապերը: Ինքը նրա համար է այնքան անգամ կրկրնում՝ «պապերը», որովհետև ցանկության ունի արգո հասարակության առանձնակի ուշադրությունը հրավիրել այն, ավելի քան կարևոր և տվյալ դեպքում հիմնական, հանգամանքի վրա, որ «հայրենիք» գաղափարը կապված է ո՛չ միայն այն հողի, այն երկրամասի հետ, որի վրա ապրում է հիմա տվյալ ժողովուրդը о, ոչ, իհարկե ոչ, հարգելի հանդիսականներ։ Այստեղ ինքը, Մազութի Համոն, հարկադրված է կիրառել ազգային հարցի շուրջը գոյություն ունեցող գիտական գրականության այն հիմնական տեսակետը, որ կոչվում է «պատմական տեսակետ»: Բանն այն է, այն է, հարգելի հանդիսականներ, որ հայրենիք կոչվածը մի օրում շինվում, մի օրում չի՛ կազմակերպվում. հայրենիքը