Jump to content

Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/137

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

խոսեց այս ուղղությամբ Մազութի Համոն, բերեց կոնկրետ օրինակներ, ինչպես «մենք և ոսոխը», և ապա անցավ իր առաջադրած «երկու հիմնական հասկացողություններից» երկրորդին — մայրենի լեզվին։ Ինչպես հոգին է՝ մարմնի մեջ, ինչպես հոգին է շնչավորում չոր մարմինը և կենդանի կապակցություն ստեղծում մարմնի բոլոր մասերի, բոլոր անդամների, բոլոր բջիջների մեջ — այնպես էլ լեզուն, մայրենի լեզուն, այն հոգին, այն, ավելի լավ է ասել՝ ցեմենտն է, որ միացնում է տվյալ ժողովրդին իր, դարերից ժառանգություն մնացած, հայրենիքում, կապում է այդ ժողովրդի անհատներին իրար, կերտում է նրանցից այն անքակտելի միավորը, որ կոչվում է «ազգություն»։ Ահա՛ թե ի՛նչպես է լուծում լեզվի և հայրենիքի, այսինքն, մի խոսքով ասած՝ ազգության պրոբլեմը ժամանակակից գիտությունը, հարգելի հանդիսականներ։ Ուրեմն, պարզ ասած, «հայրենիքը» տվյալ ազգության մարմինն է, իսկ «լեզուն»հոգին։ Ուրեմն, հարգելի հանդիսականներ, եթե մենք հարցը կոնկրետացնենք և կիրառել ուզենանք մեր հայրենի իրականությանը, պիտի ասենք.— ահա՛ մեր հոգին, ահա՛ մեր մարմինը։ Վաղո՜ւց, վաղո՜ւց է արդեն, որ բաժանված է մեր հոգին մեր մարմնից, բայց, հարգելի հանդիսականներ, քանի դեռ կենդանի է հոգին — կենդանի է և մարմինը։ Ինչքան էլ «լեզուն» և «հայրենիքը» անքակտելի օղակներ կազմեն «ազգություն» կոչված կենդանի միավորի, բայց պատմության մեջ շատ անգամ պատահել են դեպքեր, երբ որևէ ազգություն, դեպքերի դժբախ բերումով զրկվելով մեկից՝ կառչել է մյուսին և այդպիսով հնարավորություն է ունեցել չձուլվել