Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/138

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

օտարներին, պահել իր ազգային դեմքը, ինչպես մենք, արգո հանդիսականներ, ինչու նայիրցիներս: Եվ այսօր, բայց ավելի լավ է ասել մինչև օրս, որովհետև նո՜ր, նո՜ր և պայծառ հեռանկարներ են բացվում այսօրվանից մեր առաջ, հարգելի հանդիսականներ, — ի՞նչ, ի՞նչ էինք մենք մեզանից ներկայացնում, որպես ազգություն, ես կասեի՝ հոգի առանց մարմնի, հոգևոր ազգության: Որովհետև, այո, մայրենի լեզո՛ւն էր միայն, որ դեռ պահում էր մեզ, պաշտպանում էր ձուլման վտանգից — և նրա՛, նրա՛ շնորհիվ էր միայն, որ մենք, ուրիշ շատ և շատ ազգերի, ինչպես, օրինակ, Ասորեստանի և Բաբելոնի նման կորստյան չմատնվեցինք... Ո՞րն էր, ո՞րն էր Նայիրին մինչև օրս, հարգելի հանդիսականներ, ո՞րն էր, այո, — կենդանի Նայիրին: — Նայիրին ե՛ս էի, հարգելի հանդիսականներ, Նայիրին դուք էիք և բոլոր նրանք, որոնք մեզ նման խոսում էին նայիրյան քաղցր լեզվով, որի մասին այնպիսի հրաշքներ է պատմում Խաչատուր Աբովյանը... Ես հիմա խոսում եմ, — հիշում եմ, ձայնը բարձրացնելով մարգարեական հուզմամբ բացագանչեց, ոգևորված, Մազութի Համոն, — ես խոսում եմ հիմա Հոգևո՛ր Նայիրիի մասին, հարգելի հանդիսականներ, — և այս իմաստով ես կարող եմ ասել, որ Նայիրին այնտեղ է, որտեղ կա գոնե մի նայիրցի: Առաջին՝ մարմնավորի, հայրենիքի իմաստով Նայիրին այնտեղ է, որտեղ ապրել են մեր պապերը, մեր պապերի պապերը և նրանց էլ պապերի պապերը, հարգելի հանդիսականներ, — այնտեղ է, ասենք — Վանում, Բիթլիսում, Դիաբեքիրում, այնտեղ է — Կիլիկիայում. Դերսիմում, Գարահիսարում. իսկ երկրորդ՝