Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/139

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

լեզվի, հոգևորի իմաստով— Նայիրին, կրկնում եմ, այնտեղ է, որտեղ կա, որտեղ ապրում է այսօր գոնե մի նայիրցի: Իսկ որտե՞ղ, որտե՞ղ, ասացեք խնդրեմ, չկա, չի ապրում հիմա մեր եղբայր նայիրցին... Որտե՞ղ, աշխարհի ո՞ր, թեկուզև ամենահեռավոր անկյունում, չկա, ոտք չի դրել հայրենազուրկ նայիրցին... Տարել է, տարել է իր հալածված ստվերը, տարել է աշխարհից-աշխարհ թափառական նայիրցին: Ելել է նա, նայիրցին— հինգ դար առաջ ելել է հայրենի աշխարհից ու թողել է հնամյա իր անունը աշխարհի բոլոր կողմերի վրա թափառական նայիրցին: Եվ այսօր ահա արդեն հնչում է ժամը, հարգելի հանդիսականներ. ժամանակ է արդեն. որ գա. ետ դաոնա նորից հնամյա իր երկիրը աստանդական նայիրցին: Եվ արդեն— արդեն՝ աշխարհի հեռու, ամենախուլ անկյուններից պարզում է իր ձեռքը դեպի իր հայրենիքը, պարզում է դեպի հայրենի Նայիրին— աստանդական զավակը. մարմինը կորցրած ուրվականի նման՝ մարմնանալ է ուզում հազարամյա Նայիրին... Բայց ինչպե՞ս, ինչպե՞ս, ինչպե՞ս մարմնանա...» — Այստեղից էր ահա, որ անցավ Մազութի Համոն «ներկա մոմենտին»:

Պետք է, սակայն, նկատել, որ Մազութի Համոյի այդ պատմական բանախոսության առաջին, տեսական մասը բավականին քիչ, համարյա աննկատելի ուշադրության արժանացավ հանդիսականների կողմից։ Հանդիսականները, ճիշտ է, չէին աղմկում, չէին էլ հազում, կամ անհանգստանում տեղերում, այլ այնպես, կարծես թե չկային, կարծես թե, ինչ-որ մի անխուսափելի պարտականություն կատարած լինեու, համար՝ ականջները դեմ