Jump to content

Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/141

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

խոսքով ասած՝ մեր սեփական, այո — նայիրյան զորքն ունենալ՝ մեր հին հայրենիքի գրավված վայրերը պաշտպանելու համա…»։

Դեռ չէր վերջացրել իր այս նախադասությունը Մազութի Համոն, երբ, կարծեմ բժիշկ Սերգե Կասպարիչի նշանով, դահլիճում ծայր առավ մի կատաղի ծափահարություն։ Հանդիսականներից շատերը, ինչպես Կինտաուրի Սիմոնը և վարսավիր Վասիլը, ոգևորության այն աստիճանին հասան, որ սկսեցին ոտքերը գետնին խփել և բացագանչություններ անել։ Բայց հնչեց նախագահի,— չոր, հատու,— հնչեց ընկ. Վառոդյանի զանգը նախագահական տեղից. դահլիճում տիրեց լռություն։ Բաժակից ջուր խմեց, առիթից օգտվելով, Մազութի Համոն և շարունակեց.— «Սա նշանակում է, որ կայուն, իրական հողի վրա է դրվում այսօրվանից մեր հարցը — և մեզ մնում է գրկաբաց առաջ գնալ ստեղծված հնարավորություններին՝ աճապարել կազմակերպված դիմավորել մեր տառապյալ հայրենիքի վերջնական ազատագրմանը»։— Այստեղ նորից, չնայած մի վայրկյան առաջ էր խմել — բաժակից ջուր խմեց Մազութի Համոն և — «բայց դեռ ես չեմ հայտնել, հարգելի հանդիսականներ, ամենաէականը» — ասաց Մազութի Համոն խորհրդավոր ձայնով. երևում էր, որ ուզում էր հայտնել չափազանց կարևոր, նշանակալից մի նորություն, բայց դժվարանում էր ձևավորել։ «Ես պիտի հայտնեմ ձեզ, հարգելի հանդիսականներ» — ասաց, շրթունքները սրբելով, նա վերջապես — «որ նույն այդ բարձրագույն գրությամբ — ամենահավաստի աղբյուրից մենք տեղեկություն ենք ստացել — բավականին, այո՛, բավականին որոշ