Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/142

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

խոստումներ են տրվում մեզ ապագայի նկատմամբ— և մենք ամենայն վճռականաթյամբ կարող ենք ասել, որ բացի ընդհանուր բարյացակամ վերաբերմունքից դեպի մեր «Հարցը»— մենք արդեն ունենք և իրական, ապա ուրեմն պաշտոնական երաշխիքներ ամենաբարձր ինստանցիաներից գրավոր տրված...»:

Այստեղ նորի՛ց, նորից դղրդաց դահիճը հախուռն ծափահարություններից. ապա, անցնելով բանախոսության վերջաբանին, դեպի հասարակությունն եկավ, ամբիոնի մոտից հեռանալով, Մազութի Համոն և ասաց, մոտավորապես, հետևյալը. «Մեծ, վճռական, պատմական օրեր ենք ապրում, հալգելի հանդիսականներ,— և հարկավոր է, որ մենք, պարզ ու որոշ կերպով, ցուցահանենք մեր կազմակերպված վերաբերմունքը դեպի կատարվող անցքերը։ Պետք է գիտենանք օգտվել առիթից— շեշտեց, խրատական շեշտով, Մազութի Համոն։ Հարկավոր է գործով, այո՛, և ոչ թե խոսքով, օգնության գալ այսօր հայրենիքի ազատագրման նվիրական գործին, պարզ ասած՝ պետք է ժողովրդական ամենալայն խավերի սեփականություն դարձնենք կամավորության գաղափարը։ Թող գրվի՛, ով որ կարող է, ով որ ընդունակ է զենք վերցնելու— թող գրվի՛ կամավոր, — և այն ժամանակ գալիք սերունդների առաջ մենք, հպարտությամբ, այո՛, իրավունք կունենանք ասելու, որ արինք ինչ որ պահանջվում էր մեզանից պատմական այս ծանր վայրկյանին— կատարեցինք, այո, որդիական մեր պարտքը դեպի մեր թանկագին հայրենիքը, դեպի, ես հավատում եմ, այո, о՜, ես չեմ կասկածում— վերածնվող Նայիրին...»: