Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/146

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— «Ես պիտի ասեմ հարցասեր երիտասարդին, որ նման հարցեր կարող են տալ միայն — թող ներե ինձ հարցասեր պարոնը— դպրոցական աշակերտները...»: Եվ դահլիճը թնդաց, որոտաց ծափահարությունից։ «Թույլ տվեք» — ինչքան որ ձայն ուներ, բղավեց, շփոթված, Կարո Դարայանը. «չի՛ կարելի, հասկանո՞ւմ եք, մարդկանց խաբել...». Եվ այստեղ էր ահա, որ, ինչպես ներքևում ասացինք, ձայն առավ— երևակայո՞ւմ եք— Կլուբի մեյմունը, — այսինքն, վեր թռչելով տեղից ձայն տվեց ինքն իրեն Կլուբի մեյմունը և— «Դո՛ւրս արեք էդ իշու հայվանին» — բացագանչեց , հոգու խորին վրդովմունքով, կոշկակարը ու առաջ պրծավ, ուզեց նետվել դեպի Դարայանը, բայց... վարսավիր Վասիլը, օգտվելով հանգամանքից, իբր թե պատահմամբ, դեմ տվեց ոտքը Կլուբի մեյմունին. Կլուբի մեյմունը, գերանի նման, տարածվեց հատակին։ Տիրեց ընդհանուր իրարանցում, աղմուկ ու հռհռոց։ Հետո ինչ պատահեց— հետաքրքիր չէ, ընթերցո՛ղ, որովհետև, այո, պատահեց անխուսափելին. Օսեփ Նարիմանովի առաջարկով քվեարկության դրվեց, դահլիճը բավականին հանդարտվելուց հետո, օրինական առաջարկը Կլուբի մեյմունի, Համո Համբարձումովիչը երկու հակիրճ խոսքով խայտառակության սյանը գամեց, Դարայանին հասարակության միաձայն որոշումով դահլիճից հեռացնելուց հետո, — Դարայանի նման «տխմար երիտասարդներին». ընկ, Վառոդյանը հայտնեց ի լուր հանրության, որ մոտ օրերում եկեղեցու մոմավաճառքի խանութում կսկսվի կամավորների ցուցակագրություն. հետո ժողովը փակված հայտարարվեց և հասարակությունը ցրվեց։ Բայց ոչ.