Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/15

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՄԱՍՆ ԱՌԱՋԻՆ

ՔԱՂԱՔԸ ԵՎ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ

Այստեղ նայիրյանն է նազում...

Վ. ՏԵՐՅԱՆ

Նայիրյան այդ հնամյա քաղաքն ամեն ինչով նման էր նայիրյան բոլոր հին ու նոր քաղաքներին․— փոքր էր, ոչ բազմամարդ, խարխուլ ու փոշոտ. ժամանակակից լեզվով այդպիսի քաղաքներին ասում են— գավառական հետամնաց քաղաք։ Ե՞րբ է շինված նայիրյան այդ հին քաղաքը — աստված ինքը գիտե․ բայց ասում են, որ այդ քաղաքը հիմնողները եղել են հին նայիրցիներ․ — գուցե՝ խալդեր լայնաթիկունք ու ջլաբազուկ, գուցե՝ գանգրահեր ուրարտացիներ։ Սակայն պատմական այդ հանգամանքը, կարծում ենք, այնքան էլ կարևոր չէ, որովհետև խալդական կամ ուրարտական այն հին քաղաքից հիմա երևի տեղն էլ չէ մնացել. նրանց այն կավե գետնափոր խրճիթների փոխարեն կանգնած են հիմա նայիրյան այդ փոքրիկ քաղաքում քարե միհարկանի, երկհարկանի և նույնիսկ երեքհարկանի շինություններ՝ տներ ու խանութներ