Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/150

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

անարժան «Սանիկի» մասին, դժբախտաբար երկու ամիս միայն առաջ, Արամ Անտոնիչը, և այն էլ այնպիսի մի անձնավորությունից, որին չէր կարող իրավունք չուներ չհավատալ։ Ստացել էր այդ շշմեցուցիչ տեղեկություններն իր հոգեզավակի մասին Արամ Անտոնիչը և որոշել էր ոչ ոքի չհայտնել, բայց մեծ եղավ նրա զարմանքը, երբ, այդ տխուր նամակն ստանալուց երկու օր հետո, երևաց նրա գրասենյակում Մազութի Համոն և, մի-երկու սովորական հարցուփորձից հետո, — Բավականին հետաքրքիր նորություններ ենք լսում «եգան»-իդ մասին, Արամ Անտոնիչը— գցեց, իր շեղ-հեգնական հայացքի նման, ամոթահար ակնարկը Արամ Անտոնիչի դեմքին Մազութի Համոն։ Արամ Անտոնիչի դեմքը, դաջած պատի նման, սպիտակեց։ Եվ գրեց, այդ նույն երեկո, Մազութի Համոյի հեռանալուց հետո գրեց իր վերջին նամակը, առանց ստորագրության, Արամ Անտոնիչը, նախատեց, անարգանքի սյանը գամեց իր այդ վերջին նամակում Կարո Դարայանին Արամ Անտոնիչը։ Եվ պատվիրեց, խստիվ պատվիրեց այդ վերջին նա¬ մակում, որ չլինի թե երբևիցե հիշե իր քեռուն այդ փուչ դավաճանը. չլինի թե երբևիցե իր աչքին երեվա։ Եվ ահա — արդեն լռել էր, արդեն, մոռացած, էլ չէր խոսում անհաճո այդ նյութի մասին Արամ Անտոնիչին հանդիպելիս Համո Համբարձումովիչը, երբ, ինչպես գիտենք, անամոթաբար բուսնեց, երեվաց հանկարծ իր հայրենի քաղաքում Կարո Դարայանը… բայց այս մասին մենք, բավականին մանրամասն, արդեն պատմել ենք վերևում, պ․ Մարուքեի հետ քաղաքային այգում տեղի ունեցած այն անպատվաբեր դեպքը նկարագրելիս։ Բայց