Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/157

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նրանց — Կարո Դարայանը և պ․ Մարուքեն։ Ոչինչ չկար տարօրինակ, ոչ ոք էլ, ինչպես ասացինք, համարյա թե ուշադրություն չդարձրեց այդ սովորական հանգամանքի վրա. բայց նրանց մտնելուց անմիջապես հետո, նույնպես համարյա թե աննկատելի, ներս մտավ նրանց ետևից անծանոթ մի անձնավորություն և առաջարկեց նրանց, այդ անծանոթ անձնավորությունն առաջարկեց պ. Մարուքեին և Կարո Գարայանին «մի վայրկյանով հետևել իրեն՝ դուրս գալ դահլիճից»:Ի՞նչ էր պատճառը, որ առանց բողոքելու հետևեցին նրան. թե ինչո՞ւ նույնիսկ չբողոքեցին նրանք, Կարո Դարայանը և պ. Մարուքեն — դժվար է ասել, բայց փաստը մնում է փաստ, որ դահլիճից դուրս գալուց հետո ևս այնպես պատահեց, որ, առաջ ընկած, քայլեց դեպի քաղաք անծանոթ անձնավորությունը և, — մինչ արդեն, ոգևորված, նայիրյան հնագույն պատմության հնագույն դրվագներն էր վեր հանում ակումբի դահլիճում Գեներալ — պրոֆեսորը,— թոկով կապածների նման այղ նույն վայրկյանին հետևում էին անծանոթ անձնավորությանը, հլու գնում էին նրա ետևից Կարո Դարայանը և պ. Մարուքեն: Գնում էին—այո , այդ նրանք հասկացել էին արդեն — անծանոթ անձնավորության ետևից «Մութ տեղն» էին գնում Կարո Դարայանը և պ. Մարուքեն...


Ընկ. Վառոդյանը գտնվում էր այդ պահուն Համո Համբարձումովիչի բնակարանում։ Նրա վրա պարտականություն էր դրված պատրաստություն տեսնել «բանկետի» համար. դասախոսությունից հետո ընթրիքի պիտի հրավիրվեր Գեներալ-պրոֆեսոր,