Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/170

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հատկապես գնացել էին «դիմավորելու» նպատակով: Ես է[ չեմ խոսում արհեստավորնէրի և բոլոր «գրվածների» մասին, որոնք եկել էին «խումբը» տեսնելու։ Ամենաանսիրտը Լորիս-Մելիքյանն էր. — նա, այդ չարչիների փողոցը, համարյա թե ներկայացուցիչներ չուներ այդ օրը կայարանում. երևի չարչիներն ավելորդ էին համարել «գործիդ էղնելը», որովհետև միևնույնն է, խումբը ուզած- չուզած իրենց փողոցով պիտի անցներ, այնպես որ նրանք հնարավորություն ունեին հենց իրենց խանութների առաջից դիմավորելու նրանց, այդ աննման հերոսներին։ Այնինչ, դրա փոխարեն կայարանում էր քաղաքի համարյա «ամբողջ ինտելիգենցիան» — ուսուցիչները, նայիրցի սպաները, ուսանողները, պաշտոնյաներից շատերը։ Ներկա էին նաև մեծ թվով աշակերտներ, որ այդ օրը զոհել էին դասը (պարապմունքները, թեկուզ փոքր ուշացած, բայց արդեն սկսվել էին դպրոցներում)— հայրենիքի գործին, բայց վերջիններիս շարքերում կային և այնպիսիները, որոնք մտածում էին արդեն ոչ միայն «դասը», այլև իրենց կյանքը զոհաբերել այդ սրբագույն նպատակին:

Գնացքը մոտենալուց դեռ հինգ րոպե առաջ, արդեն կանգնած էին պլատֆորմի վրա՝ Համո Համբարձումովիչը, ընկ. Վառոդյանը, բժիշկը, Օսեփ Նարիմանովը, Գեներալ Ալոշը և Կինտաուրի Սիմոնը, սա այն կազմակերպված խումբն էր, որ պաշտոնապես պիտի դիմավորեր կամավորական խմբին։ Այդտեղ հենց, դրանց կողքին, արդեն պատրաստ կանգնած էր զինվորական երաժշտախումբը, որին արդեն պատվիրել էր ընկ. Վառոդյանը գնացքը մոտենալու վայրկյանին նվագել նայիրյան հիմնը՝ «Մեր Հայրենիքը»: Ամեն ինչ, մի