Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/172

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

էին երազում բժիշկը, Օսեփ Նարիմանովը և Գեներալ Ալոշը— էլ ես չեմ խոսում Կոշկակար Սիմոնի— Կլուբի մեյմունի մասին... Ասում եմ՝ երբ կատարվել սկսեցին այս շանթահարող, այս շշմեցնող բաները— հախուռն «ուռա»—ների ձայնը մինչև քաղաք հասավ, այնպես որ՝ «եկան» — ասաց Կոլոպոտյանը գնորդին, և նրա դեմքին անգամ շողաց, երանավետ, նայիրյան մի ժպիտ։ Հետո դուրս եկավ խումբը և խմբապետի նայիրաբառ հրամանով՝ շարք կանգնեց կայարանի առաջ։ Եվ ահա... Մազութի Համոն, էլի նույն անփոխարինելի Մազութի Համոն սկսեց ողջույնի ճառը։ «Բարի գալուստ» — այսպես սկսեց իր ողջույնի խոսքը Մազութի Համոն. — «դուք տեղ ունեք մեր գլխներին»: Եվ ապա խոսեց այն մեծագույն նշանակության մասին, որ պիտի ունենա անմոռանալի այդ մեծ օրը նայիրյան կյանքում. «Ազգային ամենամեծ, եկեղեցական տոների շարքը պիտի դասվի պատմական այդ օրը, և, Վարդանանց տոնի, Ծննդյան և Հարության տոների նման տոներ պիտի այդ օրը ապագա Նայիրին: Տոնե պիտի ազա՜տ և անկա՜խ Նայիրին այնտեղ, սահմանի այն կողմը, ուր մեր տառապյալ եղբայրները սպասում են հիմա ձեր ազատարար խմբերին... Գնացե՛ք,— վերջացրեց իր խոսքը, համարյա արցունքն աչքերին, Մազութի Համոն,— մեր սիրելի եղբայրները դեռ տառապում են այնտեղ բռնության ճիրաններում, մեր հայրերի երկիրը դեռ արյուն է քրտնում բարբարոսի լծից.— գնացե՛ք, մեր քա՛ջ, մեր անխորտակելի «մեր աննահանջ կամքի երկաթյա զինվորներ.— գնացե՛ք, և ձեզ շնորհակալություն կասի, ինչպես