Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/177

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՄԱՍՆ ԵՐՐՈՐԴ ԵՎ ՎԵՐՋԻՆ

ԵՐԿԻՐԸ ՆԱՅԻՐԻ

Միթե սա՞ է երկիրը Նայիրի … Ե․Չ․ «ՇՈԳԵԳԱԼՈԻՍՏ»

Մենք արդեն անցնում ենք մեր սույն այս վեպի կարևորագույն մասին — և այստեղ է ահա, սիրելի ընթերցո՛ղ, որ, ինչպես ասում են՝ իր ամբողջ հասակով կանգնում է մեր առաջ մեր առաջադրած հիմնական խնդիրր, թե ո՞րն է, վերջապես, երկիրը Նայիրի: Սույն այս վեպիս առաջաբանում, հիշո՞ւմ ես, ես հարցրել էի սրտմտությամբ, կասկածով հարցրել էր սիրտս, թե, գուցե, մշուշ է նա, Նայիրին, ուղեղային մորմոք, սրտի հիվանդություն… Եվ ճիշտ որ, — ո՞րն է այդ նայիրին։ Ինչո՞ւ համար եմ սույն այս վեպիս ամեն մի էջում իմ նկարագրած քաղաքը անվանում «նայիրյան» քաղաք, և մարդկանց, որ ապրում են այդ քաղաքում— «նայիրցիներ»: Մի՞թե կարող էր «ուղեղային մորմոքը» կերպավորվել և իրականություն դառնալ. մի՞թե կարող էր, սիրելի րնթերցող, միս և մարմին ստանալ «սրտի հիվանդությանը»— և քայլել քաղաքում,