Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/18

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Սկսենք Բերդից։

Քաղաքի արևմտյան ծայրում, վերը, ժայռակուռ, դեղին բյուրի վրա— խիստ, խոժոռ, որպես արևելյան քարե մի բռնակալ— բազմել է Բերդը: Ժայռե իր գահի, աթոռի վրայից նայում է քաղաքին։ Քարե մի վիթխարի արկղ լինի կարծես՝ ծանր՝ ընկել է վերից ու կախված մնացել է բյուրի վրա. նստել է ծանր ու հաստատ։— Ընկել է նախ մի հսկայական քարե արկղ կարծես— և հետո, մեկը մյուսի ետևից տեղացել են վար ուրիշ մեծ ու փոքր, ծանր ու թեթև, զանազանաձև սնդուկներ՝ մեկը մեկի վրա, կողք-կողքի. հրաշք է, չես հասկանում, զարմանում ես միայն։ Ասում են, որ այդ բերդը շինելիս նայիրցի վարպետները ձվի սպիտակուց են գործածել շաղախի փոխարեն— ահա, թե ինչու է այդ բերդը անխորտակելի։ Անառիկ է այդ բերդը— ամենքն այդ գիտեն,— և դավաճանությունն է, նենգ, ստոր, նայիրյան դավաճանությունն է այդ բերդը հանձնել եկվոր սրիկաներին: Հիմարները միայն կարող են չզարմանալ այդ բերդի վրա— և այդպիսի հիմարներից է, թող թույլ տրվի ասեմ, պ. Մարուքեն։ Եվ թող ասի խնդրեմ պ. Դրատամատյանը, այդ մեծամիտ «եվրոպացին», ինչո՞վ, ինչո՞վ պիտի պաշտպանվեր հնամյա այդ քաղաքն առաջին իսկ թշնամուց, եթե բերդը չլիներ։ Այնտեղից, այո—բերդի անխորտակելի պատերի վրայից պիտի ռումբեր տեղան, եթե պատերազմ լինի։ Այնտեղից— բերդի ժայռակերտ պատնեշների վրայից— իջնի պիտի մի օր, որպես երկաթե մի բռունցք, պիրկ, անպարտ կորովը նայիրյան ցեղի։— Որպես երկաթե մի բռունցք— իջնի պիտի մի օր թշնամու գլխին։— Ահա՛ թե ինչ է այդ բերդը— իհարկե, հասկացողի համար: