Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/185

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

դեռ չեմ հիշատակել, ամենաաներևակայելին։ Մենք ասացինք, որ այդ զարմանալի ուղեղի վրա էր կանգնած երկիրը Նայիրի, որպես հնում աշխարհն՝ առասպելական այն ցուլի եղջյուրների վրա. բայց ինչի՞ վրա էր կանգնած ինքը, այդ ուղեղը— ահա՛ ամենաէականը։ Ինչո՞վ էր սնվում հենց ինքը, ինչո՞վ էր կենդանի այդ ուղեղն ինքը- ահա՛ հարցը։ Եվ այս հարցին է ահա, որ մենք հարկաղրված ենք տալ մի ամենաանսպասելի պատասխան, ամենաաներևակայելի։ — — Նա, Համո Համըարձումովիչի այդ զարմանալի ուղեղը կանգնած էր—երևակայո՞ւմ եք— հենց ինքն իր վրա... Ուրիշ ոչինչ։ Չե՞ս հավատում.— իրենի՛ց հարցրու, այսպես էր հավատացնում ինձ ինքը, այսպես էր համոզված Վարոդյանը,— ավելին՝ այսպես էր համոզված և ամբողջ «Ընկերությունը».— օ, սա ամբողջ մի փիլիսոփայություն էր, սիրելի ընթերցող, — ամբո՛ղջ մի, եթե կարելի է այսպես ասել՝ տիեզերական ուղեղասիստեմ... Կանգնած էր, ու բա՛ստա, պրծավ գնաց. ուզում ես՝ զարմացիր, ուզում ես՝ հիացիր։ Կար, գոյություն ուներ և սնվում էր— հենց ինքն իրենով— ահա՛ թե ինչ։ Կար, գոյություն ուներ և աշխատում էր, անխոնջ ու մշտնջենական, ինչպես ինքը բնությունը, կամ, ավելի լավ է ասել՝ որպես մի իսկական «պերպետուում-մոբիլե». գերմանական հայտնի գիտնական Հելմհոլցի նշանավոր թեորիան միանգամայն ժխտելով՝ ապացուցում էր իր կենդանի օրինակով, որ նման մի ինքնաշարժ մեքենա ո՛չ միայն հնարավոր է սկզբունքորեն, այլև կա, գոյություն ունի և կարող է աշխատել՝ ինքն իրեն սնելով դարեր ու դարեր, մահանալ ու կյանք