Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/193

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

էին օրերն ու ժամանակները. ուղեղայինն արդեն երկրայինի պիտի փոխվեր. ուղեղայինը պիտի իրականանար:

Եվ այդ իրականացումը, ինչպես տեսանք, սկսվեց բավականին տարօրինակ, սկսվեց... արմատից: Առաջին հերթին, ինչպես տեսանք, արմատը, այսինքն Համո Համբարձումովիչի ուղեղային եղջյուրները, այնքան անսպասելի կերպով, փոխվեցին— ընտանեկան ամենասովորական... պոզերի: Բայց — «Ո՞վ չունի»— մտածեց Համո Համբարձումովիչը, մտաբերելով Արամ Անտոնիչին, գավառապետին իրանք, — հազար-հազարին: Մի ժամ չանցած՝ մոռացավ, չեղյալ համարեց այդ ամենը Համո Համբարձումովիչը. տեղ չկար ուղեղում անձնականի համար. ուղեղում տիեզերականն էր, նայիրյանը։ Քնեց. կամքի երկաթե ձեռքով սրբեց ուղեղից անհաճո միջադեպը. երազում— գնացքն էր՝ նայիրյան ուժերով բեռնավոր— երազում թռչում էր գնացքը... անկարելի հեռուն: Բայց հաջորդ առավոտ, երբ դուրս եկավ տնից Համո Համբարձումովիչը և, կառք նստելով, ուզում էր «Լույսի» գրասենյակը գնալ— անսպասելի կերպով կառքը չշարժվեց. ձիերը, քարացած նիոբեների նման, տեղերում մնացին։ «Ի՞նչ կա»— հարցրեց Համո Համբարձումովիչն անհանգստացած. և դեռ չէր լսել կառապանի փնթփնթոցը, երբ նրա, Համո Համբարձումովիչի ուղեղից սահելով խուժեցին փողոցը, կանգնեցին իրականացած... Համո Համբարձումովիչի ուղեղա-ընտանեկան եղջերա-պոզերը փողոցի մայթերից ձգվեցին դեպի իեքը — կենդանի եղջյուրներ, բազմագլուխ պոզեր: Եվ ահա՝