Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/201

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Խոսում էին, որ այս զրույցները տարածում է պ. Մարուքեն. նույնիսկ ասում էին, որ այս զրույցները տարածելու մեջ նույնպես մատ ունի — երևակայո՞ւմ եք — ինքն ընկ. Վառոդյանը. բայց այս երկրորդ հանգամանքը հետագայում միանգամայն հերքվեց և զրպարտության ամբողջ մեղադրանքը մնաց Կարո Դարայանի խղճին, Կարո Դարայանի, որ արդեն դիակ էր, կորցված մութ մի գիշեր, ընկած — ո՞վ գիտե, թե ո՜ւր... Մութ, խորհրդավոր պատմություն էր այդ, ընթերցող, որ այնպես էլ մութ մնաց ու մնաց խորհրդավոր.— բայց այդ մասին հետո։

Հաջորդ օրը, մարտի 3-ին, առավոտյան ժամը 8-ը դեռ հազիվ կլիներ, երբ Բերդից հանկարծ, քաղաքացիների համար միանգամայն անսպասելի կերպով, դեպի քաղաք շարժվել սկսեցին — զորքեր, զորքեր, զորքեր. շարժվեցին թնդանոթներով ու գնդացիրներով. լցրին փողոցները։ Սարսափած՝ խանութներն իրար ետևից փակել սկսեցին Լորիս-Մելիքյանի խանութպանները, բանն այն է, որ նրանք ոչ մի տեղեկություն չունենալուց բացի՝ այդ անսպասելի շարժման, այդ իրարանցումի մեջ չէին տեսնում նման դեպքերում քաղաքի էշը ցեխից հանող Մազութի Համոյին, ոչ էլ մյուս պատկառելի նայիրցիներից որևէ մեկին, գիտեին. լսել էին, որ ինչ-որ բան պատահել է ներսերում, բայց այդ մասին վախենում էին խոսել. — իրևնց գործը չէր: Երեք օր էր արդեն, որ պտտվում էին շշուկները, բայց քաղաքացիք, մանավանդ Լորիս–Մելիքյանի խանութպանները, թերահավատ էին դեպի նման շշուկները, թերահավատ ու կասկածոտ: