Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/206

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

չհամբերեց, — արագ դեպի իրեն քաշեց դուռը… ու մնաց քարացած։ Հյուրասենյակում նստած էին —երևակայո՞ւմ եք — Համո Համբարձումովիչը, բժիշկը և,— Հաջու համար ամենազարմանալին ու ամենաանսպասելին,— քաղաքի պարետը (բարձրահասակ սպան)… «է՛, շա՞տ պիտի երկարի սարսաղությունը» — ներս մտնելով հարց տվեց Հաջին՝ հերթով նայելով Համո Համբարձումովիչի, բժշկի և բարձրահասակ սպայի (քաղաքի պարետի) դեմքերին. բայց Համո Համբարձումովիչի, բժշկի և քաղաքի պարետի (բարձրահասակ սպայի) դեմքերն անպատասխան թողին Հաջի Մանուկոֆ էֆենդու հարցմունքը։ —«է՛ էրթա՛նք, էրթա՛նք մեյմեկ թաս օղի առնենք»—ավելացրեց Հաջին ընդհանուր շփոթմունքը ցրելու ցանկությամբ: Ու մտան ճաշասենյակ։

ճաշասեղանի ամենավերի գլուխը, Հաջի Օնիկ էֆենդու կողքին նստած, լուռ ճաշում էր Մազութի Համոն։ Մազութի Համոն ուտում էր պաղ, ջրանման, կանաչավուն «չորբա»: Ուտելով՝ Համո Համբարձումովիչը նայում էր պնակին. բայց Համո Համբարձումովիչի աչքերը կարծես չէին տեսնում կանաչավուն չորբան. պնակում, չորբայի փոխարեն,— մշուշ էր. անգո մի մշուշ — բաց տարածություն: Հասկանում էր Համո Համբարձումովիչը։ զգում էր.— որ կատարվում էր դուրսը — կատարվում էր իրենից դուրս, կատարվում էր — իրենից անկախ: Սպասում էր ի՞նչ կլինիː Մտածում էր ինչո՞վ կվերջանա: Ու պատասխան չէր գտնում իր այդ հարցմունքին Մազութի Համոն. ուղեղում—մշուշ էր. անգո մի մշուշ–բաց տարածություն…