Jump to content

Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/219

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ռապետը, ոստիկանապետը, «Մութ Տեղի» գլխավոր վարիչը և քաղաքի պարետը, բայց հեղափոխական իշխանության (կարդա՝ Տեղական Կոմիտեի) ջանքերով, նրա ձեռք առած կտրուկ միջոցներով ժողովրդի թշնամիները գտնված են և վերստին փակված բանտում։ Եվ ճիշտ որ, վերոհիշյալ անձնավորությունները վերստին ձերբակալված և փակված էին, բայց — «Ո՞ր բանտում» — հարցնում էր օր. Սաթոն խորամանկ։ Ու ինքն էլ պատասխանում էր հարցին՝ «Զինվորական բանտում»։— Լավ, լինի զի՛նվորական, ի՞նչ տարբերություն,— կարող էր ասել միամիտ խոսակիցը, և եթե այդպես ասեր միամիտ խոսակիցը — օր. Սաթոն բաց կաներ նորից իր ստերի տոպրակը և արագ-արագ, զանազան «լսել եմ»—ներով ու «ո՞վ գիտե»-ներով քողարկված, մանվածապատ նախադասություններ կթափեր խոսակցի գլխին — կարծիքներ ու կասկածներ։ Չտեսնված լեզու ուներ այդ ծամը կտրած օրիորդը, որի «օրիորդությունը» վաղուց արդեն կասկածի էր ենթարկել ընկ. Վառոդյանը։ Գիտեր՝ ո՞ւմ հետ պետք է խոսել և ո՞ւմ հետ ի՛նչ լեզվով պետք է խոսել։ Ինչպես ասում էին քաղաքում՝ «դարմանի տակի ջուր» էր իսկ որ օր. Սաթոն. տեսքից՝ անմեղ, ներսից՝ սատանա։ Երևակայո՞ւմ եք՝ անգամ վերոհիշյալ «վերստին ձերբակալությանց» մասին օր. Սաթոն տարածել էր քաղաքում անհավատալի ստեր, տարածել էր, որ իբր վերոհիշյալ անձնավորություններին «վերստին ձերբակալել» է ոչ թե քաղաքի իշխանությունը (այսինքն՝ Տեղական Կոմիտեն), այլ զինվորական.— եկեք ու հավատացեք… Մի խոսքով՝ ստերի կատարյալ տոպրակ էր