Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/226

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բականին տարիներ, երբ բավականին ջուր է հոսել, ինչպես ասում են, պատմության ջրաղացի անիվին, և մեր նկարագրած դեպքերից ու անձնավորություններից շատ շատերն արդեն պատմության, այսինքն անգոյության գիրկն են անցել — հիմա անգամ, ընթերցո՛ղ, երբ ես մտքով շուռ եմ գալիս, դառնում եմ ետ և աշխատում եմ վերհիշել ու հասկանալ այն ժամանակ կատարված դեպքերն ու պատմությունները — այդ դեպքերն ու պատմություններն ինձ պատկերանում են, ինչպես պղտոր մի հոսանք, մութը մի գետ, որ անցնում է հորդած և խեղդում իր դեմն առնել ցանկացող ամեն մի խթան ու արգելք։ Հիշում եմ՝ մի անգամ, երբ ես դեռ երեխա էի, հորդել էր մեր այդ նկարագրած քաղաքի գետը. գիշեր էր, երբ ես ու եղբայրս, տնից փախչելով, գնացինք հորդած գետին նայելու։ Մութն էր. կարծես մազութ էին քսել երկնքին, ու հոսել էր մազութը երկնքից և ծածկել քաղաքը, փողոցները, շենքերն ու մարդկանց։ Մենք ապրում էինք Վարդանի կամուրջի մոտերքը, Բերդի տակ, և տնից իջնելիս մենք կարծում էինք, որ կհասնենք գետափնյա փողոցը և այնտեղից կնայենք հորդած ջրին։ Բայց մենք չարաչար սխալվեցինք։ Մեր տնից դեպի հիշյալ փողոցն էր իջնում ծուռումուռ մի արահետ. դեռ նոր էինք շուռ եկել այդ քարքարոտ արահետի վերջին ոլորտը, որից հետո արահետն ուղիղ դեպի գետափնյա փողոցն էր իջնում, երբ մեր աչքերի առաջ փռված խավարի մազութը բաժանվեց երկու մասի. վերը մուգ, իսկ ներքևը բաց գույնի մազութ էր, որ հազիվ էր տարբերվում վերի մազութից։ Վարի համեմատաբար բաց գույնի մազութը − հորդած