Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/228

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

քաղաքի գետափնյա փողոցներից պոկված մի նավակ էր դա, որ հոսանքի մեջ ընկնելով՝ քշվել էր դեպի Վարդանի կամուրջը: Եղբոր շողքին կպած դողալով տուն եկա ես, պառկեցի մորս կողքին — և ամբողջ գիշերը մինչև լույս իմ մանկական ուղեղի միջից ծանրանիստ ընթանում էր հորդած գետը, ուղեղիս ահաբեկված մազութում կախված՝ օրորվում էր Վարդանի կամրջի սևասև ուրվականը, ու այդ սևասև ուրվականին դիպչելով սրտակեղեք մի ճիչ էր արձակում վախկոտի աչքի պես ահաբեկված թարթող, պուշ կրակը։ Առավոտյան արթնանալիս իմ առաջին գործն այն եղավ, որ ես շնչակտուր վազեցի դեպի գետը և — о՜ զարմանք և ուրախություն, տեսա, որ գետափնա փողոցից արդեն քաշվել էր առասպելական վիշապը. գետն իր ափերն էր մտել և հոսում էր հանդարտ, իսկ Վարդանի կամուրջը գետի մեջտեղն արքայաբար նստած չորացնում էր իր թրջած կողերը ելնող արևի պայծառ ճառագայթների ներքո... Մանկական միամտությամբ նայեցի Վարդանի կամուրջի կողերին դիպչող մթափրփուր ջրին, կարծելով, որ այնտեղ կգտնեմ որևէ հետք գիշերվա սրընթաց սահող նավակից և անգամ, — օ՜, մանկական անմեղություն,— վախկոտի պուշ աչքի նման ահաբեկված թարթող այն կրակից... Բայց ո՛չ մի հետք, իհարկե, չկար, և չէր էլ կարող լինել այդ բոլորից։ Վարդանի կամուրջն էր միայն, որ արքայաբար կուրծքը դեմ էր տվել մթափրփուր ջրերին... Մանկությանս օրերին կատարված այս ինքնին աննշան դեպքից անցել են համարյա քսանից ավելի երկար ու ձիգ տարիներ, բայց ես հիշեցի հանկարծ ինքնին աննշան այդ դեպքը՝