Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/229

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նայիրյան մեր նկարագրած քաղաքի վերոհիշյալ դեպքերն ու պատմությունները մտաբերելիս։ Իսկ պատահական բա՞ն է արդյոք, երբ մարդ այս կամ այն դեպքի կամ պատմության առիթով հիշում է մի ուրիշ, այլ դեպք կամ պատմություն։ — Իհարկե, պատահական բան չէ, ընթերցող — և խորը, խորը, խորագույն իմաստ կա նման, գիտական տերմինով ասած՝ գաղափարների ասոցիացիայում, և ներկա դեպքում այդ խորագուն իմաստն ինձ համար պարզ է ավելի, քան արևի լույսը։ Եվ իրոք. իր ափերից ելած, հորդած գետ չէ՞ր միթե այն օրերում նայիրյան այդ քաղաքի կյանքը, մի կյանք, որի վրա, ինչպես հայտնի է քեզ, ընթերցո՛ղ, վաղուց հետե կախված էր մազութանման մշուշը, որը վաղուց հետե ծածկել էր, ինչպես հայտնի է քեզ, նայիրյան այդ քաղաքն ու բնակիչներին, շենքերն ու մարդկանց։ Հեղեղել էր կյանքը, ելել էր այդ օրերին իր սովորական ափերից և, թերևս, իզուր էր Կարո Դարայանը փորձել լույսի նշույլ մտցնել, վերոհիշյալ դժբախտ նավաստիի նման թարթել իր տարտամ կրակը, մազութանման մուժում:— Օ, պիտի իմանար, պիտի հասկանար այդ Կարո Դարայանը, որ զարնվելու է իր նավակը «Վարդանի կամուրջի» արքայանիստ քարակույտին, որ վաղուց սովոր էր արդեն իր քարակերտ կուրծքը դեմ անել ամեն հոսանքի ու հեղեղատի։ Եվ ճիշտ որ. վերը նկարագրած դեպքից հետո ես հեռացա նայիրյան այդ քաղաքից և վերադարձա մի տարի անց, ու ի՞նչ. նույնն էր տպավորությունս, ճիշտ նույն տպավորությունը, որ ես ստացել էի մանկությանս օրերին՝ հորդած գետը տեսնելու գնալուս հաջորդ առավոտը. ճիշտ այն