Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/23

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Առաքելոց եկեղեցին թռչունի է նման վերից— բերդից նայելիս, բայց դեմից նայելիս նա թողնում է նստած վարդապետի տպավորություն։ Քարե ծեր մի վարդապետ է կարծես, նստել է բլուրի լանջին ու մնացել է նստած— դարեր, ու կմնա նստած, քանի դեռ կա աշխարհը և անհուն աշխարհում— երկիրը Նայիրի։ Վերը, գմբեթի ծայրին, խաչն է՝ պարզ, երկթև նայիրյան մի խաչ։ Ու խաչից սկսվելով` ծայրը վեր տնկած կոնաձև հո՛լի մի նման իջնում է գմբեթը քարե մի ահռելի սնդուկի վրա։

— Ահա՛ Առաքելոց եկեղեցին։ Հրաշք է, չես հասկանում— այնքան է պարզ։ Բայց որպեսզի ընթերցողը պարզ, ակնհայտնի կերպով կարողանա պատկերացնել Առաքելոց եկեղեցու հմայիչ պարզությունը— ես կնկարեմ այստեղ, մոտավորապես, նրա արտաքին տեսքը.

— Ահա՛։ Հասարակ է, պարզ է` նայիրյան ոգին է կարծես` կերպարանք ստացած։— Անպաճույճ է, պարզ է— դրսից, բայց հասկացողի համար նա որքա՜ն է անհուն ու բազմահրաշ...