Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/232

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Խորհրդի անդամներ։ Մենակ Մեռելի Ենոքն էր իր տեղը մնացել. Քոռ Արութի հետ մեկտեղ նա էլի չայ ու կալբաս էր ծախում վակզալի մեյդանում,— և՛ ոչինչ՝ գոհ էր իր վիժակից։ Մոռացանք Օսեփ Նարիմանովին. հաշտարար դատավոր Օսեփ Նարիմանովը միանգամայն լքել էր իր հաշտարար գործունեությունը և բժիշկ Սերգե Կասպարիչի հետ միասին դարձել էր Զինվորական Գերագույն Աատյանի անդամ, այսինքն մենակ ինքը, Օսեփ Նարիմանովն էր՝ անդամ, իսկ բժիշկ Սերգե Կասպարիչը—այդ Գերագույն Ատյանի նախագահն էր։ քաղաքի ու շրջանի ամենաազդեցիկ մարդը, այո՝ նույնիսկ ասողներ կային, որ ավելի ազդեցիկ, քան ինքը՝ Մազութի Համոն:— Բայց մենք, իհարկե, չենք հավատում նման երեխայամիտ կարծիքներին։ Այսպիսով, ինչպես տեսնում եք, ամեն ինչ փոխվել էր և ընդունել միանգամայն նայիրյան կերպարանք: Նայիրի՛ն էր, հին, երազյալ, հավիտենական Նայիրին, որ տարիների մուժից, մշուշից ելած՝ առել էր իրական կերպարանք։ Եվ ամեն ինչ լավ էր գնում, նույնիսկ կարելի է ասել, որ կատարյալ հանգիստ ու խաղաղություն կտիրեր նայիրյան այդ քաղաքում և շրջանում, եթե չլինեին մի շարք ստոր, անպատկառ, նայիրադավաճան մարդիկ, որոնք խանգարում էին նորաստեղծ նայիրապետության հանգիստը։ Եվ ո՞վ գիտե՝ կկատարվեի՞ն արդյոք հետագա դժբախտ ու ահավոր դեպքերը, եթե չլինեին այդ ստոր, անպատկառ, նայիրադավաճան մարդիկ։ Երևակայո՞ւմ եք՝ դրանք, այդ ստոր, դավաճան, ամպատկառ մարդիկ, դեմ էին «գրավված վայրերի» պաշտպանության. ինչ–որ խաղաղություն էին պահանջում այդ ստոր, դավաճան, ազգուրաց մար-