Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/235

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

անում վակզալի բաշիբուզուկներին, այսինքն երկաթուղային բանվորներին ու ծառայողներին և ֆրոնտից փախած դեզերտիրներին։— Ահա՛, ահա՛ ընթերցո՛ղ, թե ո՛վքեր էին նայիրյան այդ քաղաքի և նորաբողբոջ նայիրապետության հանգիստը խանգարողները, դրանք էին, այդ ստոր, նայիրուրաց, նայիրադավաճան մարդիկ, որ մրոտ, կամ, տեր Հուսիկ քահանա — Խաչագողի խոսքով ասած՝ «խլնքոտ» քթներն ամեն տեղ խոթելով՝ ջուր էին պղտորում, որ ձուկ որսան: Եվ դա, հասկանո՞ւմ եք (կրկնում ենք, ընթերցող, որ լավ գլխի ընկնես և հարկ եղածի չափ լավ պատկերացնես դրության ամբողջ խայտառակությունը)— և այդ ամենն այն ժամանակ, երբ գրավված վայրերը, այսինքն արդեն իրողություն դարձած նայիրյան երկիրն անցնելով՝ արդեն անկախ Նայիրի էր հայտարարել նայիրյան հայտնի հերոս, այժմ հայտնի զորավարը, —այն ժամանակ, երբ, ինչպես ասում են՝ քափ ու քրտինք կտրած՝ նայիրյան ռազմիկներ էր ուղարկում գրավված վայրերը, այսինքն երկիր Նայիրին պաշտպանելու համար, Տեղական Կոմիտեն, ոչ՝ տեղական, այսինքն նայիրյան իշխանությունը, — երբ, մյուս կողմից. արդեն ստույգ լուրեր ուներ ստացած նայիրյան իշխանությունը, որ, վերջին հորդաները հավաքած, թափթփուկ բանակներով մտադրություն ունի գրավված հայրերը խուժելու Հավիտենական Հիվանդը,—ա՛յդ ժամանակ ահա այդ ստոր, դավաճան, նայիրուրաց մարդիկ դեզերտիրություն էին քարոզում նայիրյան բանակում և խոսում էին հաշտության մասին. ո՞ւմ հետ. — հավիտենական ոսոխի ու Հավիտենական Հիվանդի, որին