Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/245

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

պատկառելի նայիրցիներն ազատվեցին գնդակահարությունից. ավելին՝ շուտով իմացվեց, որ նրանք բոլորն էլ անհոգ թռչունների նման թափառում են, թեպետև Նայիրիից դուրս գտնվող, բաց համարյա նայիրյան, չքնաղագույն մի քաղաքի լազուր երկրնքի ներքո և նույնիսկ զարմանում են, որ մնացած նայիրցիները չեն հետևում իրենց գեղեցիկ օրինակին․․․ «Չե՞ն հետևում․․․»։ Բայց ո՞նց հետևեին, երբ քաղաքի պատերից, օր օրի ետևից, շշմած քաղաքացիների գլխներին էին թափվում մեկը մեկից զարհուրելի, մեկը մեկից անողոք ու սարսափ տարածող հրամաններ, այնպես որ ի վերջո քաղաքի խեղճ բնակիչները զարհուրում էին քթները բարձրացնել և չէին էլ բարձրացնում, որպեսզի իրենց այդ պատկառելի, նայիրյան քթներով չդիպչեն որևէ զարհուրելագույն հրամանի։ Ինչպե՞ս, ինչպե՞ս կարող էին հետևել պ․ Աբոմարշի և ընկերների օրինակին սարսափած նայիրցիները, երբ ՛շուտով, ընկ. Վառոդյանի մի նոր խստագույն հրամանով, արգելվեց քաղաքից հեռանալ անգամ կանանց ու երեխաներին, որպեսզի, ինչպես ասված էր ընկ․ Վառոդյանի հրամանում,— «խուճապ չառաջանա»: «Թշնամին պարտված է»— ասվում էր ապա այդ հրամանում, — «և բոլորը կարող են հանգիստ տեղները նստեն»;— Դե եկեք ու ընկ. Վառոդյանի այսպիսի հրամաններից հետո հետևեք պ. Աբոմարշի և ընկերների գեղեցիկ օրինակին․․․ Բայց բանն այն է, որ չնայած ընկ. Վառոդյանի ու մյուսների խստագույն հրամաններին, չնայած կայարանում կանգնած արտակարգ փափախավորներին, որոնց ձեռքին էր իրապես գտնվում այդ ճակատագրական