Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/246

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

օրերին քաղաքի բանալին,— չնայած այդ ամենին՝ քաղաքի բնակչությունն օր օրի ետևից նոսրանում էր ու նոսրանում, և նոսրանում էին ամենից առաջ քաղաքի վարի, այսինքն կենտրոնական թաղերը։ Ո՞նց, ինչպե՞ս, ի՞նչ հրաշքով, չգիտենք, բայց վաղուց արդեն առանց Նունուֆար հանըմի ու իր, արդեն 18֊ը տարեկան դարձած, «պզտիկի» էր իր ամենօրյա չորբան խմում Հաջի Օնիկ էֆենդի Մանուկոֆը, և վաղուց արդեն նույն այդ դառը մենակությանն էր ենթարկված Արամ Անտոնիչը, դպրոցի տեսուչը (այժմ քաղաքի ու շրջանի բոլոր նայիրյան դպրոցների վարիչը)։ Եվ նույն այդ դառնադառը մենակության վիճակին էին վաղուց արդեն ենթակա թե′ Օսեփ Նարիմանովը, թե′ Գեներալ Ալոշը, թե′ տեր Հուսիկ քահանա— Խաչագողը,— բոլո′րը, բոլո′րը, բոլոր պատկառելի նայիրցիները՝ Ալեքսանդրյանի ու Լորիս-Մելիքյանի բնակիչները։ Ասենք բացառություններ էլ, իհարկե, կային, ու այդ տխուր բացառությունների մեջ էին Տելեֆոն Սեթոն, Մեռելի Ենոքը, Քոռ Արութը, հայտնի ճաշարանատեր Բոչկա Նիկոլայը և շատ ու շատ նման, թեկուզ և Ալեքսանդրյանի ու Լորիս-Մելիքյանի վրա խանութ ունեցողները, բայց էապես հասարակ, մանր–մունր մարդիկ։ Սրանք բոլորն էլ իրենց ընտանեկան հարկի ներքո դեռևս վայելում էին ընտանեկան կյանքի բոլոր քաղցրությունները։ Իսկ ինչ վերաբերում է վերի թաղերի, այսինքն Բերդի և Առաքելոց եկեղեցու թաղերի բնակիչներին՝ դրանք բոլորն էլ տեղները նստած էին մնացել, և ընկ. Վառոդյանի հրամաններին հետևելով՝ նստած էլ մնում էին, որպեսզի խուճապ չառաջացնեն: Բայց շա~տ բան էր կախված