Jump to content

Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/25

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հեքիաթ կամ զրույց չթվա։ Եթե մի անգամ պատահմամբ այդ քաղաքն ընկնես՝ հարցրո՛ւ Առաքելոց եկեղեցու մասին և քեզ ամեն մի տեղացի նույնը կպատմե, ինչ ոը ես պիտի պատմեմ. գուցե և ավելին։

Դեպքը պատահել է այսպես։

Առաքելոց եկեղեցուց երկու-երեք հարյուր քայլաչափ հեռու, եկեղեցի տանող ճանապարհի վրա հիմա էլ կանգնած կա կիսավեր մի տնակ։ Պատերը կանգնած են դեռ, բայց կտուրը փուլ է եկել. հողակույտ է հիմա այդ տնակը, անդուռ ավերակ։ Ընդամենը քսան-քսաներկու տարի առաջ այդ տնակը թե դուռ ուներ և թե լուսամուտներ, և նրա խոնավ, ցածլիկ սենյակներում ապրում էր մի գաղթական նայիրցի՝ հիմա ամենքին անունով հայտնի Մշեցի Թաթոն։ Այդ մարդը դժբախտ է եղել. նայիրյան հեռու մի քաղաքում ջարդի ժամանակ կորցրել է իր ընտանիքը և մերկ, բոբիկ, հասել է այդ քաղաքը և բախտի բերումով բնակություն գտել եկեղեցուն մոտիկ այդ խարխուլ տնակում։ Ապրել է Մշեցի Թաթոն այդ խարխուլ տնակում մի քանի տարի. ոչինչ չի նկատել։ Եվ ահա մի օր շուկայում հանդիպում է նա իր հայրենակիցներից մեկին. նոր է եկած լինում հեռու հայրենիքից։ Պատմում է այնտեղի մասին քստմնելի բաներ։ Եվ պատմությունը նույնն է լինում՝ կոտորած, կոտորած, կոտորած։— Բռնաբարված կին, կորած երեխաներ։ Ու փախուստ — օտարություն, մուրացկանի վիճակ։ Լսում է Մշեցի Թաթոն և հիշում է իրը. հիշում է կնոջը, երեխաներին։ Մտնում են միասին գինետուն և սկսում են խմել — դառն, արնահամ, նայիրյան օղի։