Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/252

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

անվանում ենք «մատ դնել»:— Եվ իրոք որ. Մազութի Համոյի այդ հրահանգ–նամակն ստացվելուց հետո բոլորը բաց արին աչքերը ու մնացին, ինչպես վարսավիր Վասիլը կասեր — «կտրած».- այդ ո՞նց էր, որ իրենք չէին հասկանում այդպիսի հասարակ մի բան, հասարակ, նո՛ւ, ինչպես օրվա լույսը։ Այսպես թե այնպես՝ չարիքի արմատը գտնված էր արդեն և ահա ընկ. Վառոդյանի արտակարգ փափախավորներն սկսեցին այդ արմատը պոկելու համար արտակարգ պատրաստություններ տեսնել։ Հիշում եմ՝ քաղաքի մեյդանում ընկ. Վառոդյանի արտակարգ փափախավորները գեղեցիկ մի օր իրարից մի հեռագրասյան հեռավորությամբ կանգնեցրին երկու հեռագրասյուն և դրանց վրա խփեցին երրորդը: — «էդ ի՞նչ կշինեք, եղբայր»— հարցրեց փափախավորներից մեկին այդտեղ կանգնած երեխաներից մեկը, որ խորին հետաքրքրությամբ ու ակնածանքով հետևում էր երրորդ հեռագրասյան վրա նստած արտակարգ փափախավորի արտակարգ շարժումներին։— «Քյանդրբազի չվան կըշինենք, որ դեզերտիրները վրեն քյանդրբազ խաղան»,— պատասխանեց փափախավորը, և երեխաներն ուրախ հռհռացին, պատկերացնելով երևի, որ բավականին զվարճալի մի բան պետք է լինի այդ զվարճալի դեզերտիրների քյանդրբազությունը: «Քյանդրբազի չվանը», ճիշտ է, շինեցին, բայց, ցավոք սրտի, հարկավոր է ասել, որ ոչ արտակարգ փափախավորները և ոչ էլ հիշյալ երեխաներն առիթ ունեցան այդ զվարճալի դեզերտիրների «քյանդրբազությունը» տեսնելու. հեռագրասյուները կանգնեցնելուց երկու օր հետո, դեպքերի թավալգլոր