Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/255

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ո՞նց, ո՞նց փրկեր դրությունը Մազութի Համոն, երբ, ինչպես ասացինք, քանդվել էին արդեն քաղաքի բոլոր կարերը և ոչ մի, թեկուզև հանճարն, դերձակ չէր կարող այլևս իրար միացնել այդ ոչ միայն իրարից բաժանված, այլև զարմանալի թափով իրարից խույս տալ սկսող, մասերը. Համո Համբարձումովիչի բացակայության ընթացքում այնպիսի մի չտեսնված զարգացման էին հասել քաղաքի, ինչպես ասում են կենտրոնախույս ուժերը, որ այլևս անհնարին էր դրանք ոչ միայն ոչնչացնել, այլև չեզոքացնել։ Երևակայեցեք՝ ընդամենը մի ամիս բացակայությունից հետո քաղաք վերադարձավ Մազութի Համոն, — և ի՞նչ, առաջին հերթին դեպի Բերդը վազեց Մազութի Համոն և նրա աչքերի առաջ պատկերացավ... օ, այն, ինչ որ պատկերացավ Մազութի Համոյի աչքին Բերդում — թող ոչ մի գերագույն հրամանատարի չպատկերանա... Բերդը, նայիրյան արքաների շինած և դարեր շարունակ հազար չարի ու ոսոխի իր քարակերտ կուրծքը դեմ դրած այդ Բերդը, Մազութի Համոն գտավ ողբալի վիճակում...— Զարթնեցին՝ տարիների մուժից, մշուշից ելնելով՝ թունդ առան Մազութի Համոյի սրտում... երազները. ելան, Մազութի Համոյի դառնաթախիծ սրտից ելնելով՝ Մազութի Համոյի վշտից ու դառնությունից բորբոքված հանճարեղագույն ուղեղը խուժեցին... դարավոր սպասումները... Մի թե այսպես էր երազել Մազութի Համոն այս օրը. մի՞թե այսպես էր նկարվել Մազութի Համոյի հանճարեղագույն ուղեղում — Բերդը, նայիրյան այս Բերդը՝ հույսով ու սպասումով հարուստ այն հեռու օրերին։ երբ «Լույսի» գրասենյակում