Jump to content

Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/258

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հարցրեց որոտաձայն Մազութի Համոն.— «Ո՞ւր են մյուսները»։ Բայց «մյուսները», որոնց մասին հարցնում էր Մազութի Համոն, իր քիչ առաջ ոգեկոչած նայիրյան կարովի և ուժի նման, չկային. պարզվեց, որ Բերդի սպայության բավականին նկատելի մասը գիշերը հեռացել է բերդից և չի վերադարձել։— «Իսկ ո՞ւր է Բերդի գարնիզոնը» — ավելի մեղմ, կարծես կոտրած ձայնով, շարունակեց իր ռևիզյան Մազութի Համոն։ Ընկ. Վառոդյանը ցույց տվեց մատով. Մազութի Համոն նայեց ընկ. Վառոդյանի մատի ուղղությամբ. և Մազութի Համոն տեսավ։— Այնտեղ, բերդի երկրորդ աշտարակի վրա Մազութի Համոն տեսավ ի մի խռնված նայիրյան տրեխավոր ռազմիկների բավականին բազմամարդ մի խումբ, որ զբաղված էր իրեն, Մազութի Համոյին նայելով։ «— Ներողություն…» — ասաց Մազութի Համոն — «դրանք… թոփ գցել… գիտե՞ն…».— «Այո՛, ճիշտ այդպես է» — զինվորական պատիվ բռնելով պատասխանեց գեներալներից մեկը, և Մազութի Համոյի արքայակերպ դեմքը մեղմիվ լուսավորվեց մի մանկական, համարյա իդիոտային, ժպիտով։ Հասկացավ Մազութի Համոն՝ վերջացած է. ուղեղում, հատնող մոմի վերջին բոցերի նման, հիսախառն երերաց, կողքե-կողք ընկավ… երկիրը Նայիրի։ Բայց — «Ո՛չ» — բացագանչեց մտքում, վերջին ուժերը հավաքելով, Մազութի Համոն.— «Չի՛ լինի»։ Ու հրամայեց նոր ռազմիկներ բերել բերդ, թնդանոթներ դնել, անգամ ցույց տվեց, թե ի՞նչ ուղղությամբ է հարկավոր դնել այդ թնդանոթները. հետո կառք նստեց և վերադարձավ քաղաք։