Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/26

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Եվ ահա Թաթոն սկսում է պատմել ընկերոջը քաղաքի մասին. դուրս են գալիս օրորվելով. տեսնում են Բերդը, Վարդանի կամուրջը, Առաքելոց եկեղեցին: Ասում է ընկերը` օրը կգա և նորից կելնե. կհառնե մշուշից— նայիրյան ոգին: Հաղթ, հաստատ, կիջնի թշնամու գլխին— երկաթե վրեժ։ Այսպես զրուցելով գալիս են Թաթոյի տնակը. պառկում են քնելու։ Եվ ահա կեսգիշերին թվում է Թաթոյին` մեկը, անուշ ձայնով, կանչում է իրեն։ Ներքևից, տան ներքնահարկից, կանչում է մեկը, ծանոթ, կանչում է վար: Ելնում է վեր և ասում է ընկերոջը` արի։ Եվ նրանք միասին վերցնում են ճրագը` իջնում են վար։ Իջնում են ներքնատուն։ Խոնավ, գաղջ օդով լցված, զարհուրելի։ Մի վայրկյան մնում են շվարած. պարզ, լսելի` կանչում է տխուր մի ձայն հատակից, ներքևից։ Աչքերը գետնին են հառում— տեսնում են՝ գետնի մեջ, ծանր, թաղվել է մի ջրաղացքար։ Մտածում են` դուռ է։ Դնում է Թաթոն ոտքը ջրաղացքարի վրա. շարժվում է։ Կռանում, բարձրացնում են քարը— բացվում է նրանց առաջ մի մութ ներքնահարկ։ Մութ, խոնավ` փչում է դեմքերին թավ, խոնավ մի քամի։ Նայում են ճրագով— աստիճաններ։ Վերցնում են ճրագը և իջնում են վար։ Ահա վերջանում են աստիճանները, և դեմը խավար մի անցք տանում է— ո՞ւր։ Գնում են անցքով— գալիս, գալիս— լայնանում է անցքը։ Եվ ահա նորից— աստիճաններ։ Ելնում են վեր— և դուրս են գալիս հանկարծ... Կանգնած են Առաքելոց եկեղեցում: Բեմը, խորանը ահա. վարագույրն ահա— մութ- կապույտ վարագույր` վրան ոսկե մի խաչ։ Ավազանը ահա, որտեղ երեխաներն են «կնքում»...