գլուխների վրայով առաջ էին նետում իրենց երեխաներին, որպեսզի իրենք ևս առաջ սողան, բայց երեխաները խեղդվում էին ընդհանուր հրհրոցում, իսկ մայրերը, առանց երեխաներին հասնելու, փչում էին իրենց շունչը՝ չորս կողմից սեղմված։ Տղոցկան կանայք ծնում էին կանգնած տեղերում, և նրանց ճիչը լսելի էր լինում անգամ այն ահռելի աղմուկում, որ բարձրացնում էր բազմահազար սարսափից խելագարված, ամբոխը։ Տղամարդիկ ծեծում էին իրար. կանայք ճանգռտում էին տղամարդկանց դեմքերը, և այս ամենի վրա շաչում էր արտակարգ փափախավորների մտրակը։ Մտրակով ճանապարհ էին բաց անում նրանք և առաջ անցնում, հետներն առաջ տանելով զանազան պատկառելի նայիրցիների ընտանիքներին, որոնք ընկեր Վառոդյանից կամ Մազութի Համոյից ունեին պատկառելի թղթեր։ Բայց, չնայած արտակարգ փափախավորներին, չնայած անգամ «պատկառելի թղթերին», հաճախ չէր հաջողվում նրանց իրենց նպատակին հասնել. ամբոխը, կատաղած թշնամու նման, գրոհի էր դիմում ու ընդհանուր հորձանքում խեղդում թե՛ արտակարգ փափախավորներին և թե՛ նրանց հովանավորած պատկառելիներին։ Անասելի, այո՛, աներևակայելի բաներ էին կատարվում այդ ժամանակ կայարանում, բայց ավելի անասելին ու աներևակայելին այն էր, ինչ որ տեղի էր ունենում քաղաքում։ Քաղաքում ծայր էին առել հրդեհները։ Բազարից հեռացող նայիրցիները, նայիրասիրական անասելի, չտեսնված մի եռանդով, այրում էին իրենց տներն ու խանութները, որ ոսոխին չմնան։ Տեղական իշխանությունը գուցե և դեմ լիներ նայիրասիրության
Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/260
Արտաքին տեսք