Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/261

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նման թեժ արտահայտություններին, եթե միայն, ինչպե՛ս ասում են՝ խելքը գլխին լիներ։ Բայց նրա խելքը գլխին չէր, և ժողովուրդն անում էր այն ամենը, ինչ որ թելադրում էր նրան նայիրասիրական բարձր զգացմունքը։ Բայց այդ չէ զարմանալին. տներն ու խանութներն այրում էին, ասենք, դրանց տերերը, այրում էր ժողովուրդը. բայց ո՞վ էր այրում հիմնարկությունները: Քաղաքում ասողներ կային, որ հրդեհներն սկսվել են հիմնարկություններից. ամենից առաջ այրվել էր «Լույսի» գրասենյակը, երևակայո՞ւմ եք՝ իրա, Մազութի Համոյի գրասենյակը, որ ժամանակավորապես փակված էր՝ պահեստներում նավթ և Համո Համբարձումովիչի տրամադրության ներքո Ժամանակ չլինելու պատճառով։ «Լույսի» գրասենյակն այրվել էր Մազութի Համոյի քաղաք վերադառնալուց մի օր առաջ, գիշերը (առավոտյան արդեն նա քաղաքում էր գտնվում)— և Մազութի Համոն, արտակարգ մի պատվասիրությամբ՝ քաղաք վերադառնալուն և հրդեհի լուրն ստանալուն պես հրամայել էր, ինչ գնով էլ լինի հրդեհի լափող ճիրաններից, որ արդեն մխացող մոխիրների էին փոխվել, ազատել «Լույսի» մատյաններն ու հաշիվները, բայց այդ կարելի՞ էր արդյոք, ընթերցո՛ղ, հնարավո՞ր էր արդյոք... Ապա այրվել էր «Մանր Վարկի Ընկերությունը», այսինքն «ընկերության» շենքը, հետո — միլիցիատունը: Եվ, ասում են, դրանցից հետո էր ահա, որ քաղաքից հեռացող նայիրցիները ցուցադրել սկսեցին իրենց թեժ նայիրասիրությունը, որ ահռելի արագությամբ ծավալվում էր քաղաքում և լցնում քաղաքի փողոցները նայիրասիրական յուրօրինակ մի