Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/264

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հրացանների տրաքտրաքոց և թնդան ոթների դեռ բավականին հեռու, բայց հետզհետե մոտեցող որոտ։ Ոչ մի ուժ այլևս, անգամ ոչ մի երկնային վերին զորություն, ի վիճակի չէր «տեղը նստած» պահել քաղաքում մնացած ժողովրդին։ Հսկա. տասնյակ և հարյուր հազարավոր գլուխներով հաշվվող մի նախիրի նման, սարսափահար տեղահան եղավ քաղաքում մնացած ժողովուրդը. մի մասը բռնեց կայարանի ճամփան, մյուսը` խճուղու։ Քաղաքի տները մեկը մյուսի ետևից սկսեցին վառվել, և այդ վառվող տներում, հրի ու ծխի միջից, ինչ որ բան էին փախցնում ռազմաճակատից նահանջած նայիրցի ռազմիկները։ Հաստատ կարելի է ասել, որ այդ վայրկյանից քաղաքը կարելի էր արդեն ընկած հաարել, բայց նա այդպիսին դեռ չէր համարվում, որովհետև ոսոխը դեռ չէր կտրել փախուստի ճանապարհը և դեռ հնարավոր էր փախչել: Այդ վայրկյանից սկսած քաղաքում չկար այլևս ոչ մի իշխանություն։ Գերագույն Իշխանությունը բերդում էր հավաքվել, որպեսզի այնտեղից անմիջապես ղեկավարի ռազմական գործողությունները։ Քաղաքի վարի թաղեցիք (այսինքն կենտրոնական փողոցների բնակիչները) բոլորն էլ համարյա հեռացել էին քաղաքից, արդեն հեռանալ էին սկսել վերի թաղեցիք ևս, այնպես որ քաղաքի բուն բնակչության չնչին մասն էր միայն դեռ քաղաքում գտնվում։ Բայց, չնայած դրան, քաղաքը լեփ-լեցուն էր դեռ մարդկային բազմահազար, խռիվ, խայտաբղետ խմբերով, գերազանցապես շրջանից փախած «բռիներով...». ծայր, վախճան չկար սրանց խայտաբղետ շարքերին։— Տելեֆոն Սեթոն