Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/266

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Սեթոյի թափորն իջնում էր դեպի երկաթուղագիծը. թափորի առաջից, իր փոքրիկ երեխային գրկած, գնում էր ինքը՝ Տելեֆոն Սեթոն, կողքից, մեծ բոխչա գրկած, վազում էր նրա «օղլուշաղը». ետևից վազում էր Քոռ Արութը՝ մի բավականին ծանր խուրջին շալակած, Քոռ Արութի ետևից— Մեռելի Ենոքը: Մեռելի Ենոքը, այլ հարստություն չունենալով, տանում էր շալակին իր «վակզլի թյուքանը», այսինքն մի, իր իսկ ձեռքով հին ափսեներից շինած, կշեռք, մի-երկու գրվանքաքարեր, մեկ էլ իր ունեցած չայն ու կալբասը: Այսպես էլ հասան նրանք երկաթուղագծին և ճիշտ իրենց առաջ կանգնած տեսան— գնացքը. գնացքը, փախչող նայիրցիներով ծայրեիծայր լեցուն, հեռացել էր կայարանից և ինչ-որ անհայտ պատճառով կանգ առել այդտեղ։ Ետի կողմից մոտեցավ գնացքին Տելեֆոն Սեթոյի թափորը և, ինչպես համոզված էր Տելեֆոն Սեթոն՝ վերինի հրաշքով դեմ ելավ հենց այն բաց վագոնին, որի վրա, ճիշտ է, լցվաած էին «հազարից ավելի», ինչպես պատմում էր հետագայում Տելեֆոն Սեթոն, բայց հենց Վագոնի եզերքին տեղ էին բռնել—Հաջի Մանուկոֆ էֆենդին և վարսավիր Վասիլը. դրանք, ինչպես երևում էր, վերջացած համարելով իրենց հայթայթողական ֆունկցիաները («— է՜. ո՞ւմ պիտի հայթայթեին, երբ բանակ չկար»)— որոշել էին իրենք ևս միանալ ընդհանուրին։ «- Տուր տեսնիմ պզտիկդ» — ասաց Հաջին Սեթոյին, և Տելեֆոն Սեթոն տվեց Հաջուն իր երեխան. հետո վարսավիր Վասիլի օգնությամբ բարձրացրին և Սեթոյի օղլուշաղին: Մնացին իրենք։ «Դուք ալ գացեք զնճիլներու վրա կայնեցեք»— խորհուրդ