Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/269

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

արյունարբու ձեռքը։ Այդ ժամանակ գերի ընկածներից ոմանք, որ հրաշքով ազատվել էին հետո, փախել կոտորումից,— այդ հրաշքով ազատվածներից ոմանք հետագայում պատմում էին, որ քաղաք մտնելու երրորդ օրը ոսոխը, մի դաժան նենգամտությամբ, հանձնել էր նրանց հորդաների ձեռքը,— որոնք և — երևակայո՞ւմ եք — կախել էին ընկ. Վառոդյանին, Սերգե Կասպարիչին—բժիշկին ու իրան՝ Մազութի Համոյին ճիշտ այն երեք հեռագրասյուներից, որ — о՜, ճակատագրի անօրինակ հեգնանք,—իրա, ընկ. Վառոդյանի հրամանով երկու օր առաջ կանգնեցրել էին ընկ. Վառոդյանի արտակարգ փափախավորները՝ դեզերտիրներին կախելու համար... Ոսոխից փախածները բավականին մանրակրկիտ կերպով նկարագրում էին այդ սխրալի դեպքը՝ իր բոլոր սրտաճմլիկ մանրամասնություններով, այնպես որ մենք ևս, նրանց պատմածների հիման վրա, կարող ենք արձանագրել այստեղ այդ սխրալի դեպքի սրտաճմլիկ մանրամասնությունները։ Դեպքը պատահել է մոտավորապես այսպես։ Բերդը մտնելով, ոսոխի սպաները գտել են ընկ. Վառոդյանին, բժշկին ու Մազութի Համոյին՝ բերդի ամենաբարձր աշտարակի վրա, նայիրյան եռագույնի դողդոջ փայտի մոտերքը, իրենց մազերը պոկոտելիս: Տեսնելով նայիրյան հրամանատարների այս անասելի վիշտը՝ խորին ակնածանքով մոտեցել են նրանց ոսոխի նենգ սպաները, մեծ պատիվ են տվել և մեծագույն շուքով տարել քաղաք։ Պատմում են, որ ճանապարհին հանդիպած բոլոր ոսոխ-սպաները պատիվ են բռնել նրանց, և նույնիսկ ինքը, ոսոխի ամենամեծ փաշան սեղմել է