Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/27

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մնում են շվարած։ Մոտենում են դռներին, ուզում են դուրս ելնել— փակ է։ Զարհուրած փախչում են ետ։ Միևնույն անցքերով քայլում, քայլում են երկար, և ահա նորից— աստիճաններ։ Եվ հանկարծ, գլխների վերևում, վերը, ներքևում, իրենց շուրջը, չորս կողմը լսում են— խուլ, հեռու ջրերի խշշոց։ Ելնում են աստիճաններով և դուրս են գալիս... Քիչ է մնում հովից ու խոնավությունից ճրագը մարի։ Ո՞ւր են— չեն հասկանում։ Զգում են միայն, որ կանգնած են բարձր մի տեղ, ինչ-որ զարհուրելի խոնավության վրա։ Ներքևում, վարը— գետ է, հեղհեղուկ հոսանք։ Ջրերի խշշոց։ Ու հորդ, հեղհեղուկ հոսանքի վրա, վերը— երկինք է. մութ, խոնավ գիշեր։ Եվ Թաթոն հիշում է հանկարծ` կանգնած են ճիշտ այն բլուրանման պարսպի մնացորդի վրա, գետի մեջտեղում։— Կամուրջն է. տեղացիք ասում են` Վարդանի կամուրջ: Ահա ջրերի միջից, վարը, երգում են պառավները. ե՞րգ է, թե ջրերի խշշոց։ Ու հորդ, հեղհեղուկ խավարում շողշողում է վարը, ծփում է պսպղուն— օձը, կամուրջի բարի ոգին: Եվ ահա խոնավ, խշշացող ջրերի միջից ելնում են ահավոր, բառաչում խռպոտ— ջրային գոմեշները. — ահ է, զազրելի զարմանք... Արագ իջնում են վար, փախչում են անցքերով. ու էլի ահա— աստիճաններ։ Շատ են, ինչքա՜ն են շատ... Ելնում են, ելնում են, ելնում են. և ահա— դուրսն են նորից։ Շուրջը— երկինք է. աստղային մշուշ։ Վարը— քաղաքն է երևի. առկայծում են դեղին, տարտամ կրակներ։ Հեռուն, շատ հեռուն, լսվում է խուլ, տխուր— խշշոցը գետի. ոտքերի տակ իրենց— Բերդն է. քարե սնդուկները ծանր շնթռկել են, քնել են ահավոր: