Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/270

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նրանց ձեռքը և ցավակցություն հայտնել նրանց վշտի համար: Այսպիսի՛ ահա մի չտեսնված վերաբերմունք են գտնում ընկ. Վառոդյանը, բժիշկը և Մազութի Համոն ոսոխի հրամանատարության կողմից, բայց, երկու օր անց, մի դաժան նենգությամբ հանձնվում են նրանք ոսոխի թափթփուկ հորդաների ձեռքը, որոնք և կախում են նրանց ու ենթարկում զարհուրելի գանահարությանց։ Նրանք, ոսոխի այդ թափթփուկ հորդաները աջից կախ են անում ընկ. Վառոդյանին, ձախից բժշկին, իսկ մեջտեղից — իրան, Մազութի Համոյին,— և սա չէ դեռևս ամենազարհուրելին ու ամենաքստմնելին։— Ամենազարհուրելին և ամենաքստմնելին այն է, որ նրանք, ոսոխի այդ թափթփուկ հորդաները, ասում են, մի տախտակ են փակցնում երրորդ հեռագրասյան մեջտեղը, Մազութի Համոյի գլխավերևը,— ու գրում վրան, երևակայո՞ւմ եք— նայիրյան տառերով.

Մ. Հ. Ա. Ն.

որ նշանակում է՝

        «Մազութի Համո՝ Արքա Նայիրի»: