լեզվագիտությունը. այստեղ, կարծում ենք, արդեն բժիշկ է հարկավոր, անդամահատական աքցան կամ լանցետ և ոչ թե քերականություն… Թող ներեն ինձ բժիշկները, եթե գտնեն, որ չի կարելի ուղեղային մորմոքը ու սրտի հիվանդությունը հանել մարդկանց միջից աքցանների ու լանցետների օգնությամբ.— բժիշկ չենք մենք, ընթերցող, և ոչ էլ, դժբախտաբար, կենդանի է սույն այս վեպիս մեջ քանիցս հիշատակված դոխտուր Արշակը, որ նրանից կարծիք հարցնենք։— Բայց ի՛նչ էլ լիներ դոխտուր Արշակի կարծիքը՝ մի բան պարզ է մեզ համար. և այդ պարզ բանն այն է, որ վաղուց արդեն պատմությունը, այդ, կարծում ենք, ավելի հանճարեղ բժիշկը, քան դոխտուր Արշակը,– պրակտիկայում կիրառել է վերոհիշյալ միջոցը և չենք կարծում, որ պատմության այդ փորձերն ապարդյուն են անցել. արյուն, ճիշտ է, շատ է հոսել, սակայն կենդանի մնացածներից շատերն արդեն ազատ են վերոհիշյալ ուղեղային մորմոքից ու սրտի հիվանդությունից և այսօր իրենց երկիրն են շինում — մի երկիր, սակայն, որի գոյական լինելը ճշտելու համար կարիք չկա դիմելու ոչ մի Մանուկ Աբեղյանի, որովհետև այդ պարզապես տեսնում են բոլոր նրանք, ովքեր գործ ունեն հողի ու աշխատանքի հետ և ոչ թե այն հռչակավոր, մենք կասեինք՝ «նայիրոմազութիհամոյական» գարու, որ, ըստ նայիրյան անեկդոտի՝ տեսել էր մի անգամ երկարականջ քեռին իր այն նշանավոր երազում…
Ահա և բոլորը։