Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/277

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Իրերի դժբախտ բերումով ես առիթ ունեցա մոտ վեց ամսվա ընթացքում բավականին ծանոթանալու Երևանի Ուղղիչ Տան կյանքին, և այժմ ես ուզում եմ նկարագրել այդ հետաքրքիր վայրը, որը թեկուզ կա, գոյություն ունի և ապրում է մեր աչքի առաջ իր յուրօրինակ կյանքով, սակայն— ես համոզված կարող եմ այս ասել — ոչ միայն լայն մասսաները, այլև հասարակական կյանքով ապրող մահկանացուների գերազանց տոկոսը ոչ մի հասկացողություն չունի այդ աշխարհի մասին։ Իմ ստացած տպավորությունները ես այժմ գրի եմ առնում «Հիշողությամբ», որովհետև, դժբախտաբար, ժամանակին հնարավորություն չեմ ունեցել գրավոր «նյութեր հավաքելու», ինչպես այդ անում են հմուտ գրականագետները, երբ ընկնում են որևէ արտասովոր աշխարհ։ Անհրաժեշտ է ասել նաև, որ ես այստեղ պատմելու եմ միմիայն «տպավորություններ» և բնավ հավակնություն չունեմ զբաղվելու խորհրդային կյանքի այդ, ես կասեի՝ զարմանալի անկյան ուսումնասիրությամբ: Այս իմաստով իմ դիտողությունները կունենան անշուշտ բավականին սուբյեկտիվ