Jump to content

Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/28

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Կանգնած են իրենք բերդի ամենաբարձր աշտարակի վրա. փչում է սուր, սարսուռ, սառը մի քամի։ Ու մոտիկ-մոտիկ ծածանվում է լաթի մի կտոր. դրոշակն է բերդի։ Մութ է ափսոս։ Եթե ցերեկ լիներ՝ կտեսնեին դեղին կտավի վրա — երկգլխանի մի արծիվն ոսկենկար զարզանդ։ Մութ է, գիշեր է, չի երևում։ Փչում է կատաղի — հրում է քամին, հիմա կընկնեն։ Ինչո՞ւ են այստեղ — ի՛նչ են ուզում։ Սարսափից խելագար՝ աստիճաններով կրկին իջնում են վար, ընկնում են գետնափոր անցքերը. վազում են շնչակատուր։ Եվ քրտինք կտրած՝ հանկարծ, երևի պատահմամբ — ելնում են իրենց ներքնահարկը նորից. բարձրանում են Թաթոյի սենյակը և քնում են մեռելանման։ Քնում են դառը, աներազ, ծանր մի քնով, բայց առավոտը զարթնում են կայտառ ոգևորված։ Պատմում են բոլորին անցքերի մասին — և բոլորը մնում են ապշած ու շվարած։ Լինում են մարդիկ, որ այդ պատահական գյուտը համարում են խորհրդավոր նշան, զարթնումի սկզբնավորում։ Մոտ է — ասելիս են եղել նրանք — վայրկյանը վերածնության։ Եվ կանչել են նրանք Թաթոյին ու ընկերոջը. խստիվ արգելել են այդ մասին զրուցել ու խոսել։ Բայց հիմա, այդ նշանավոր անցքից քսան-քսանհինգ տարի հետո, Բերդի, Առաքելոց եկեղեցու և Վարդանի կամուրջի մեջ գտնվող այդ անցքերի և աստիճանների մասին — բոլորը, նույնիսկ երեխաները գիտեն։— Բայց այդ մասին, իհարկե, չեն խոսում երբեք, այդ մասին խստիվ արգելված է խոսել։ Այն էլ մոռացա ասեմ, որ երբ Թաթոյի և ընկերոջ անուշադիր լինելու շնորհիվ կառավարությունն իմանում է