Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/280

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ուղղիչ Տան հիվանդանոցը, ուր ինձ հատկացվեց այսպես կոչված «մեկուսացման սենյակներից» մեկը։ Միլիցիապետը գլուխ տվեց և հեռացավ, դուռը փակվեց — և ես մնացի ինքս ինձ հետ՝ մեկուսացման սենյակում։ Դա մի փոքր սենյակ էր, ուր դրված կար մի երկաթյա մահճակալ և մի նստարան։ Մի բան, որ ծայր աստիճանի ճնշող ազդեցություն է ունենում ինձ վրա — փոքրիկ սենյակներն են։ Չգիտեմ ինչու, ես սիրում եմ սրահանման, կամ արահանման սենյակներ՝ առանց կահավորության։ Մի մահճակալ, մի նստարան, մի գրասեղան— այս է եղել իմ ամբողջ երազանքը կահավորության ասպարեզում։ Այնպես որ այս տեսակետից ես այնքան էլ դժգոհելու իրավունք չունեի.— պակասում էր միայն գրասեղանը, այն էլ հույս ունեի մյուս օրը խնդրելու։ Ապա այդ սենյակն ուներ մի այլ հարմարություն ևս, որը կիսով չափ բռնում էր նրա հիմնական պակասության, փոքրության, տեղը։ Դա— ծայր աստիճանի բարձր առաստաղն էր,— մի բան, որ նույնպես պատճառում է ինձ անասելի բավականություն։ Միլիցիապետի հեռանալուց հետո ես առաջին հերթին չափեցի սենյակի մեծությունը.— 8 քայլ երկարություն, 4 քայլ լայնություն։ Հետո նայեցի լամպին— բարձր էր կախված։— Այնքան, որ նույնիսկ նստարանի վրա կանգնած ամենաբարձրահասակ մարդը չէր կարող հասնել։ «Հարկավոր է լամպը մի փոքր իջեցնել, որպեսզի հնարավոր լինի պարապել»— մտածեցի ես, սակայն հետո իմացա, որ լամպը դիտմամբ է բարձր կախված. ո՞վ իմանա ի՛նչ կալանավորներ են ընկնում այս «մեկուսացման սենյակը». տրամադրության