Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/281

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վատ ժամանակ կարող են իրենց վնասել... Մոռացա պատուհանը.— սենյակն ուներ մի բավականին մեծ պատուհան, որ նայում էր դեպի բակը։ Չգիտեի՝ գիշերը կարելի՞ է բանալ, թե ոչ։ Եվ քանի որ նման տեղերում մարդ ավելի շուտ տրամադրվում է արգելված բաներ ենթադրել— որոշեցի, որ, երևի, արգելված է, և իմ պատուհանից բացվող տեսարանի ուսումնասիրության խնդիրը թողի հետևյալ օրվան, երբ հիմնովին կծանոթանամ Ուղղիչ Տան ներքին կանոնադրությանը։

— Ահա՛ և Ուղղիչ Տունը, — մտածեցի ես սենյակն ուսումնասիրելուց հետո, նստեցի մահճակալի վրա և սկսեցի նայել դիմացի պատին։ Լուռ էր. ոչ մի ձայն։ Ժամը կլիներ երեկոյան յոթը, և ես չգիտեի, թե ինչպե՛ս պիտի լուսացնեմ այդ անտանելի գիշերը։ «Լավ,— մտածում էի ես,— ենթադրենք այս գիշեր մի կերպ լուսացրի— բա վա՞ղը, մյուս օ՞րը, և ո՞վ գիտե, թե քանի՜, քանի՜ այսպիսի գիշերներ»։ Ծանր, քարի նման, իջավ իմ կրծքին ու ճնշեց իմ սիրտը մարդուս ամենամեծ թշնամին աշխարհում— ձանձրույթը։ Կարելի է ընտելանալ տխրությանը, անդամ սիրել տխրությունը, կարելի է սիրել անհուսությունը և թախիծը,— բայց ընտելանալ ձանձրույթին՝ դա նշանակում է ընտելանալ մահվան: «Իսկ, հետաքրքիր է, ի՞նչ է կատարվում այնտեղ — այն մյուս կորպուսներում, կամերաներում»— մտածեցի ես, զգալով, որ միտքս սկսում է արդեն ելք փնտրել մահացու ձանձրույթից։ Ու բնազդով վեր կացա, մոտեցա պատուհանին, բաց արի պատուհանը։ Եվ այն, ինչ բացվեց իմ աչքերի առաջ և հասավ