Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/283

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ինձ համար մութն էր դեռ, համարյա հանելուկ։ Ես զանազան ենթադրություններ էի անում։ Երևի հավաքվել ուրախանում են մի մեծ կամերայում, կամ միջանցքում,— մտածում էի ես, երբ հանկարծ ծափահարություններր դադարեցին և վերևի հարկում տիրեց մեռելային լռություն։ Ներքևի հարկում միայն, դիմացի կամերայում, դեռ քաղցր լալիս էր իր արևելյան տխրությունը մանկահասակ աղջկա կրծքային ձայնով աներևույթ քամանչան— և ես զգում էի, որ չկա արդեն այն անտանելի ձանձրույթը, որը մի վայրկյան առաջ սպառնում էր ինձ խեղդել, որ նա արդեն փոխվել է իմ սրտում մի անուշ տխրության... Այդպիսի տխրություն է պատում մարդկային սրտին գարնանային առավոտները, երբ մարդ ելնում է դաշտ ու նայում դեպի հեռուները տանող ճանապարհներին։ Եվ ոչ թե ծանր ու ճնշող, այլ թեթև ու հեշտ է այդ տխրությունը, որովհետև նրա միջով մարդ խորը, խորը ճաշակում է կյանքի անհունությունն ու անեզրությունը, զգում է, որ անսահման է կյանքը և կրում է իր մեջ դեռ անհուն ու անսպառ գանձեր ու կարելիություններ։ Եվ թող պարադոքս չթվա, եթե ասեմ, որ ըստ էության խորը օպտիմիստական է այդ տխրությունը — այդպիսի՛ ահա խոր օպտիմիստական տխրությամբ է համակված և Բեթհովենի հերոսական երաժշտությունը, որն այնքան սիրում էր Վլադիմիր Իլյիչ Լենինը... Հենված իմ «մեկուսացման սենյակի» պատուհանի գոգին՝ ծարավ ալկոհոլիկի նման ես խմում էի դիմացի պատուհանից սուրացող քամանչի տխրությունը, երբ վերևի պատուհաններից կրկին լսվեց մի բուռն