Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/284

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ծափահարություն և, միևնույն ժամանակ, բացվեց իմ սենյակի դուռը և ներս մտավ հիվանդանոցի ծառայողը։

— Թեյ ուզո՞ւմ եք,— ասաց նա մոտենալով և, ժպտալով, ավելացրեց.

— Պատուհանը չի կարելի երեկոները բանալ. արգելված է։

— Ի՞նչ ծափահարություն է,— առանց այլևայլության, առանց պատուհանը փակելու, հարցրի ես նրան և ցույց տվի դիմացի պատուհանները,— և ինչո՞ւ է այնտեղ լույսն ավելի պայծառ, քան մյուս կամերաներում։

— Այնտեղ Ուղղիչ Տան կուլտ–բաժինն է,— պատասխանեց ծառայողը,— այսօր «կենդանի լրագիր» է։

Հիվանդանոցի ծառայողի այս խոսքերից հետո ինձ միանգամայն հասկանալի դարձան թե՛ երգը, թե՛ նվագը, թե՛ ծափահարությունները և թե՛ դրանցից հետո տիրող երկար լռությունը։

— Իսկ ո՞վ է նվագում քամանչեն— այնտեղ,— ցույց տվի դիմացի պատուհանը։

— Մեր կալանավորներից է, Մնոն է — շատ լավ կնվագե, չէ՞...

— Շա՛տ լավ, ընկե՛ր, ավելի՛ քան լավ... Իսկ մինչև ե՞րբ կարելի է նվագել...

— Մինչև երբ որ ուզեն — կուզեն թող մինչև լույս նվագեն...

— Թեյ չեմ ուզում,— ասացի ես ծառայողին,— ավելի լավ է թույլ տվեք, որ պատուհանը բաց մնա...

Եվ մենք գաղտնի համաձայնության եկանք, որ ես պատուհանը կիսաբաց կթողնեմ, բայց չեմ