Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/29

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Առաքելոց եկեղեցու գաղտնիքը — խլում է Առաքելոց եկեղեցին նայիրցիների ձեռքից, իսկ Թաթոն ու ընկերն աքսորվում են Սիբիր և փտում են այնտեղի խոնավ զնդաններում։ Ահա՛ թե ինչ է իրենից ներկայացնում Առաքելոց եկեղեցին... Եվ դեռ ես այն էլ մոռացա ասեմ, որ բացի վերոհիշյալ հրաշքներից՝ նայիրյան արքանե՛ր կան թաղված Առաքելոց եկեղեցում և երբ, եկեղեցին գրավելուց հետո, քանդել են եկեղեցու հատակը– վեմ—քարի ներքևում գտել են անթիվ-անհամար գանձեր ու անգնություններ… էհ, հին ու մութ պատմություն է, ընթերցո՛ղ — ո՞րը թվեմ։ Գիտուն, խորամանկ, հարուստ ու հպարտ են եղել նայիրյան արքաները. այդպիսի արքաներ հիմա չկան։ Գիտուն, խորամանկ, հարուստ ու հպարտ են եղել, բայց, դժբախտաբար, եսական ու անմիաբան. եթե ոչ…ինչո՞ւ պիտի կորչեր արքայությունը նրանց, և ավերակի վերածվեր երկիրը Նայիրի… Ո՞ւր են հրաշագործ նայիրցիները հիմա —ո՞ւր է հազարամյա Նայիրին… Չկա, ոչինչ չկա հիմա։ Անգամ հնուց մնացած այդպիսի զարմանք-հրաշալիքներ ունեցող նայիրյան այդ քաղաքը, որ առաջ արքայանիստ է եղել, մայր-քաղաք, Հնամենի կենտրոն — այդ քաղաքն անգամ դարձել է հիմա, օտարների տիրապետության օրով — գավառական հետամնաց մի որջ, ուր պատժվելու համար մայրաքաղաքներից աքսոր են ուղարկվում զանազան զեղծումների մեջ բռնված ավազակ պաշտոնյաներ…

Քաղաքի այդ երեք հին հրաշալիքները նկարագրելուց հետո անցնենք հիմա քաղաքի նոր